Գիտության տոն նոր ուսումնական տարում. Հայաստանում նախապատրաստվում է Գիտության փառատոն

23-07-2019 10:02

Հայաստանում նոր ուսումնական տարին կառանձնանա նոր ծրագրով. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կանցկացնի Գիտության փառատոն:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց, որ այս ծրագրով նպատակ ունեն նպաստել գիտության նկատմամբ աշակերտների հետաքրքրության բարձրացմանը: «Իրականում, վերջին դիտարկումներն ու ուսումնասիրությունները թույլ են տալիս ասելու, որ մեր աշակերտները մեծ հետաքրքրություն ունեն գիտության նկատմամբ, պարզապես նրանց համար բավարար հնարավորություններ չեն ստեղծվում: Բացի այն, որ փառատոնի անցկացմամբ փորձելու ենք բարձրացնել մեր երեխաների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, նաև վեր կհանենք դպրոցներում մեր ունեցած ներուժը, կհասկանանք, թե որտեղ ունենք վերազինելու, որտեղ պայմաններն ավելի բարելավելու խնդիրներ, որտեղ վերապատրաստելու հարցեր և այլն»,-ասաց նախարարը: Փառատոնի անցկացման ձևաչափի մասին նախարարությունը մանրամասներ չի շտապում ներկայացնել, քանի որ մի շարք հարցեր դեռ քննարկման փուլում են, սակայն ընդհանուր կոնցեպտը պարզ է: Այն դպրոցների աշակերտները, որոնք ցանկանում են մասնակցել փառատոնին, գիտության ոլորտում տարբեր ուղղություններով կարող են ներկայացնել նոր գաղափարներ, հետազոտական ծրագրեր: Դրանք սկզբում կդիտարկեն տեղական ժյուրիները՝ ըստ իրենց տարածքների, այնուհետև գլխավոր ժյուրիի կողմից հաջորդ փուլ անցած գաղափարներից կընտրվեն լավագույնները: Ժյուրիներում ընդգրկված են լինելու կոնկրետ ոլորտների լավագույն մասնագետները: Նախարարությունը վերջնական փուլ անցած գաղափարների, ծրագրերի համար նախատեսել է պարգևներ, իսկ ահա հաղթողը հնարավորություն կունենա իր նորարարական գաղափարները ներկայացնել Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնում  (Intel International Science and Engineering Fair) 2020 թվականին:  Միջազգային փառատոնն ամեն տարի համախմբում է աշխարհի ավելի քան 75 երկրներից շուրջ 1800 աշակերտի: Մրցույթի առաջին տեղը գրաված ծրագիրն արժանանում է Gordon Moore Award մրցանակին` ստանալով 75,000 ԱՄՆ դոլար: Նախարարն ընդգծեց՝ անհրաժեշտ է ծրագրի՝ բարձր մակարդակի, պատշաճ իրականացում: Կազմակերպչական հարցերում նախարարությանն աջակցում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը: Նախապատրաստական աշխատանքները նախատեսված է սկսել օգոստոսի վերջից: Ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի դպրոցների աշակերտներին կներկայացվի փառատոնի ծրագիրը, էությունը: Այնուհետև ստեղծվելու է այն դպրոցների ցանկը, որոնք ունեն լաբորատորիաներ, կարողություններ նման փառատոններին մասնակցելու, և որոնք իրենց հերթին, կարող են դառնալ լոկոմոտիվ տարածքի մյուս դպրոցների համար: «Իրականացնելու ենք ուսուցիչների վերապատրաստումներ, որպեսզի փառատոնը բարձր մակարդակով անցկացվի: Առաջին տարում կդժվարանանք ասել՝ արդյո՞ք բոլոր դպրոցներից ներգրավվածություն կլինի, սակայն վստահ եմ, որ տարեցտարի այս փառատոնի նկատմամբ հետաքրքրությունն ավելի կմեծանա: Աշակերտները գիտության ոլորտում իրենց հետաքրքրության շրջանակում որևէ նոր գաղափար կներկայացնեն, դա կարող է լինել կենսաբանությունից, ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, ֆիզիկայից, քիմիայից, շրջակա միջավայրից և այլն»,-ասաց Արայիկ Հարությունյանը: Նախարարն ընդգծեց, որ դպրոցների վերազինումն ու պայմանների բարելավումն իրենց առաջնային խնդիրներից է: Առաջիկայում պատրաստվում են ավագ դպրոցներին մի շարք առարկաների գծով տալ ավելի քան 300 լաբորատորիա: Ինչ վերաբերում է շենքային պայմանների բարելավմանը, ապա այս ուղղությամբ ևս կոնկրետ ծրագրեր են նախատեսված:  Կառավարության հուլիսի 4-ի նիստում հավանություն է տրվել մի շարք որոշումների, որոնցով`ավելի քան 400 ուսումնական և սպորտային հաստատություններում նախատեսվում է իրականացնել կառուցման, վերանորոգման,նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կահավորման աշխատանքներ: Ուսումնական հաստատություններում կապիտալ ծրագրերի նախագծային աշխատանքների իրականացման համար հատկացվել է 536 մլն դրամ, դպրոցներում ռոբոտոտեխնիկայի զարգացման նպատակով 284 ինժեներական լաբորատորիաների ձեռքբերման համար` 834, 25 միլիոն դրամ: Աշխատանքները շարունակական են լինելու: Աննա Գզիրյան

Lragir.am,
23-07-2019 10:02