Օրը մի բան են ասում ու դրանով լեզու են դնում թե Հրայր Թովմասյանի, թե ՀՀԿ-ի, թե մյուսների բերանը

Մեր զրուցակիցն է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Պարոն Մարուքյան, նոր եք վերադարձել ԱՄՆ-ից: Մշտապես խոսվում է այն մասին, թե ինչ է առաջարկում Հայաստանը ԱՄՆ-ին: Ի՞նչ առաջարկեցիք: Սա շատ կարևոր հարց է և միշտ կանգնած է եղել իշխանությունների առջև, թե ինչ ենք մենք առաջարկում ԱՄՆ-ին: Իրականում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև չօգտագործված մեծ ներուժ կա, որը մենք միանշանակ կարող ենք օգտագործել: Ես միայն Սփյուռքը նկատի չունեմ, թեև Սփյուռքի ներուժը ևս չի օգտագործվում: Ես կարծում եմ՝ Հայաստանը ԱՄՆ-ին կարող է առաջարկել լինել լավ գործընկեր Հարավային Կովկասում և այս առումով նաև միջազգային կառույցներում ԱՄՆ-ի հետ համագործակցաբար պայքարել ժողովրդավարությանը նետված մարտահրավերների դեմ՝ որպես Հայաստանը Հարավային Կովկասում ժողովրդավարություն կրող կարևոր երկիր: Հայաստանի աշխարհագրական դիրքն ամեն առումով կարևոր է, և ես կարծում եմ, որ մենք իրապես կարող ենք մեր դիրքով, նաև մեր ժողովրդավարությամբ լինել այն կարևոր օղակը Հարավային Կովկասում, որը ԱՄՆ-ն, ըստ էության, չունի: Բնականաբար, հարց կառաջանա՝ բա Վրաստա՞նը, որը ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է, կամ այդպես են ասում վրացիները, բայց եկեք հասկանանք, որ Վրաստանն, այո, կարևոր երկիր է, բայց միաժամանակ մեծ կոնֆլիկտների մեջ է Ռուսաստանի հետ, դրան գումարած Իրանի հետ սահմանակից չէ: Իսկ Հայաստանը Իրանին սահմանակից երկիր է: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այս երկիրը ևս կարևոր է տարածաշրջանում, բայց եթե համեմատենք Հայաստանի հետ, այնտեղ ժողովրդավարական մեծ բաց կա, և Ադրբեջանը բռնապետական ռեժիմ ունեցող երկիր է: Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Թրամփի վարչակազմը 100 մլն դոլար է հատկացնելու Ադրբեջանին և 7 մլն դոլար Հայաստանին: Ինչի՞ մասին է սա խոսում: Այո, Թրամփի վարչակազմը Ադրբեջանին 100 մլն դոլար է հատկացնելու: Այնտեղ գիտեք, որ 907 բանաձևի խնդիրը կա, բայց այդ բանաձևը բացառություն ունի: Ըստ այդ բացառության՝ նրանք կարող են այդ գումարը տալ, եթե Իրանի հետ սահմանի ամրացման հարց կա: Ադրբեջանն օգտվում է այդ հանգամանքից: Հայաստանն, ըստ էության, էլի Իրանի հետ սահմանակից երկիր է, բայց չի կարողանում այդ հանգամանքն օգտագործել, որի համար բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կարող են լինել: Ես կարծում եմ՝ սա իմ նշած հայ-ամերիկյան հարաբերությունների ներուժը չօգտագործելու արդյունք է: Եթե մենք այդ ներուժն օգտագործենք, ըստ էության, մեզ 7 մլն դոլար չեն տա: Ավելին ասեմ, ոչ թե 7 մլն դոլար է, այլ 40 մլն, որի մի փուլը հաստատված է, դեռ հաստատման փուլում է: Բազմիցս նախկին իշխանություններին մեղադրել են հայ-ամերիկյան օրակարգ չունենալու, ԱՄՆ-ի համար հետաքրքիր չլինելու մեջ: Այսօրվա իշխանությունն ի՞նչ է անում հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման և նոր մակարդակի դնելու ուղղությամբ: Եվ արդյոք բավարար են այդ քայլերը: Այսօրվա իշխանությունների՝ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի կամ առաջարկների վերաբերյալ ես չեմ կարող որևէ բան ասել, որովհետև ես չգիտեմ, թե իրենց հանդիպումների ժամանակ ինչ են քննարկում: Ես ունեմ իմ տեսլականը, որ մենք իրապես կարող ենք լինել ԱՄՆ-ի կարևոր գործընկերը Հարավային Կովկասում: Ես հույս ունեմ, որ մեր նոր դեսպանը Վաշինգտոնում և նոր իշխանությունը ամեն ինչ կանի, որ հայ-ամերիկյան հարաբերությունների չօգտագործված ներուժը օգտագործվի: Տվյալ պարագայում ես որպես խորհրդարանական դիվանագիտության մեջ ներգրավված մարդ, ամեն ինչ անում եմ, որ Հայաստանում ավելի շատ Ամերիկա ունենանք: Այն օրակարգը, որը ես եմ առաջ մղում, որը «Լուսավոր Հայաստանի» օրակարգն է, կոչվում է հետևյալ կերպ՝ «ավելի շատ Ամերիկա Հայաստանում»: Մենք ամեն ինչ արել ենք մեր հանդիպումներում, հիմա էլ Վաշինգտոնում, որ լոբբինգ անենք, որ ԱՄՆ-ը ամեն կերպ ներգրավվի ու մասնակցի Հայաստանում ընթացող բարեփոխումներին: Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ խոսել եմ սրա մասին և ասել եմ, որ այն բացը, որ կա, դուք կարող եք լրացնել և ավելի շատ Ամերիկա ունենալ Հայաստանում, քան կար նախկինում: Միացյալ Նահանգները կարևոր գործընկեր է և մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախացումից ի վեր թե մարդասիրական օգնության, թե տնտեսության մեջ, թե բարեփոխումների առումով: Համագործակցությունը պետք է շարունակել և ավելի բարձր մակարդակի հասցնել: Պյոտր Սվիտալսկին խոսել է դատաիրավական բարեփոխումների համար ԵՄ-ի կողմից բազմամիլիոնանոց աջակցության մասին: Ինչպե՞ս եք գնահատում և ինչպե՞ս կարող է Հայաստանը դատաիրավական բարեփոխումների հասնել: Դատաիրավական բարեփոխումների հետ կապված ես գտնում եմ, որ եթե ՀՀ իշխանությունն ունենա այդ բարեփոխումների տեսլականը, Հայաստանի բոլոր միջազգային գործընկերներն էլ կաջակցեն: Դրան պետք չի միայն փողով նայել, այդ աջակցությունը կլինի ամեն կերպ: Մնում է ունենալ օրակարգ: Չպետք է մի օր ասել վեթինգ, հաջորդ օրն ասել՝ չենք անելու: Մի օր ասել՝ անցումային արդարադատություն, հաջորդ օրն ասել՝ չենք անելու: Մի օր ասել՝ Սահմանադրությունը պետք է փոխել, հետո ասել՝ չենք փոխելու: Մեզ կայունություն է պետք նաև տեսլականի ու անելիքների իմաստով, որը կբերի համագործակցության և հարաբերությունների զարգացման: Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ դատական իշխանությունը չպետք է փոխվի, այլապես պետք է մոռանանք ժողովրդավարության մասին: Ինչպե՞ս եք սա գնահատում: Խնդիրը միայն Հրայր Թովմասյանին փոխելը կամ նրա հայտարարության հարցը չէ: Հրայր Թովմասյանը հենվում է ժողովրդավարության հայտնի սկզբունքների վրա և փորձում է այն մեղադրանքներից պաշտպանվել, որոնք իրեն են ուղղված: Իսկ այդ մեղադրանքները ողջամիտ են՝ կապված Սահմանադրությունը գրելու և այդ մեխանիզմներն օգտագործելու հետ՝ ապագայում ՍԴ-ի վրա հանրապետականների ազդեցության իմաստով: Այդտեղ ողջամիտ կասկածներ կան ընդդեմ Հրայր Թովմասյանի, և նա փորձում է վկայակոչել ժողովրդավարության, իրավունքի գերակայության հայտնի սկզբունքները, որ դատական իշխանության անկախությունը, այո, չի ենթադրում ամեն իշխանափոխությունից հետո փոփոխություն: Եվ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում ՀՀԿ-ի օրոք, Սահմանադրության ձևախեղման և համակարգերն ապականելու առումով, պետք է կարողանանք այդ սկզբունքը պաշտպանելով գտնել ոսկե միջինը և խնդիրը լուծել: Բնականաբար, ես կարծում եմ, որ որևէ դատարան չպետք է լինի որևէ իշխանության ընկերը: Դա միանշանակ է: Նախկինում դատարանները եղել են հանրապետականների ընկերը, և այսօր էլ դատարանները չպետք է լինեն իշխող ուժի ընկերը: Դա ուղղակի անթույլատրելի է: Հետևաբար, պետք է գտնել ոսկե միջինը, որ ոչ ունենանք ՀՀԿ-ի ընկեր դատարան, ոչ էլ այսօրվա իշխանության ընկեր դատարան: Պետք է ունենանք անկախ դատարան, որը ոչ թե դատական համակարգ է, այլ դատական իշխանություն է, որը կաշկանդված չէ ոչ մեկով և ոչ մի բանով և որն իրականացնում է թե սահմանադրական արդարադատություն, թե արդարադատություն ընդհանրապես: Սա է խնդիրը, և դրան հասնելու համար բոլորով պետք է աշխատենք և դրան միտված քայլեր անենք: Դրա համար էի ասում, որ դատաիրավական բարեփոխումների տեսլական է պետք, օրը մի բան պետք չի ասել: Այդ նույն Հրայր Թովմասյանը դուրս եկավ, որ մի քանի ամիս առաջ լավն էր, իշխանության կողքը կանգնած էր բոլոր տեղերում, իսկ հիմա վատն է: Դա իշխանության անհետևողականության, անսկզբունքայնության արդյունք է, որ օրը մի բան են ասում: Դա է պատճառը, որ շունը տիրոջը չի ճանաչում, չենք հասկանում, թե ինչ են ուզում և ինչի համար են ուզում: Դրանով նաև լեզու են դնում թե Հրայր Թովմասյանի, թե հանրապետականների, թե մյուսների բերանը: Դրա համար ենք մենք քննադատում, որ չի կարելի այսպես շարունակել:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
23-07-2019 10:32