ՊՎԾ-ն որոշ քրեակատարողական հիմնարկներում արձանագրել է ժամկետանց և անորակ դեղեր

23-07-2019 17:48

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը քրեակատարողական ծառայությունում 2016-2018թթ կազմակերպված մի շարք գնման գործընթացներում հայտնաբերել է խախտումներ: Խախտումներն արձանագրվել են մասնավորապես դեղորայքի և բժշկական այլ պարագաների գնման՝ պլանավորման և ձեռքբերման, դրանց հաշվառման, բաշխման, պահպանման և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ոլորտներում: Այս մասին նշված է 2019 թվականի առաջին կիսամյակի ըն­թաց­քում ՊՎԾ-ի կողմից կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունում: Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ Հ/018-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության և արդյունավետության վերահսկողությունը: Իրականացված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպված մի շարք գնման գործընթացներ իրականացվել են այդ ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի խախտումներով: «Խախտումներ են արձանագրվել նաև բուժսպասարկման ոլորտում, մասնավորապես՝ դեղորայքի և բժշկական այլ պարագաների գնման՝ պլանավորման և ձեռքբերման, դրանց հաշվառման, բաշխման, պահպանման, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ոլորտներում: Որոշ ՔԿՀ-ներում արձանագրվել են նաև անորակ և ժամկետանց դեղերի առկայություն»,-նշված է հաշվետվությունում: Մի շարք դեպքերում գնման առարկաներն ու դրանց տեխնիկական բնութագրերը չեն եղել օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվել է տվյալ գնումը: «Հաճախ տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակներին ներկայացվող պահանջները կրել են բարդեցված բնույթ, ինչի արդյունքում` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից չեն ապահովվել հավասար պայմաններ գնման գործընթացին հնարավոր մասնակիցների համար՝ առաջացնելով մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտներ: Միաժամանակ, որոշ դեպքերում բարձր որակական չափանիշեր պարունակող ապրանքատեսակները ձեռք են բերվել շուկայականից ակնհայտ ցածր գներով, ինչի արդյունքում առաջացել է ռիսկ, որ մատակարարների կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը մատակարարվել են տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքատեսակներ»,-նշված է հաշվետվությունում: Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականներին կազմակերպված և Պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրության առարկա հանդիսացած գնման գործընթացներում թույլ են տրվել տվյալ դաշտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք նորմերի խախտումներ: Դրանք  առաջացրել են պետական միջոցների անարդյունավետ օգտագործման ռիսկեր: Ծառայությունից տեղեկացրել են նաև, որ տեղեկանքը զեկուցվել է ՀՀ վարչապետին, այնուհետև ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով:

Lragir.am,
23-07-2019 17:48