Պետք չէ անպայման մարդը մահանա, նոր վրա հասնի այս օրենքի կիրառումը

Երթևեկության կանոնների վտանգավոր խախտումների համար պատիժները խստացնելուն զուգահեռ պետք է նաև կանխարգելիչ քայլեր արվեն, որպեսզի մի շարք խախտումներ հետագայում ողբերգությունների պատճառ չդառնան: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է անում «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը: Խստացումները ներկա իրավճակում առավել քան անհրաժեշտ են, ասում է նա: Նշենք, որ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված սանկցիաների խստացմանը միտված օրենսդրական փոփոխությունների նախագիծ: Դրանով նախատեսվում է հիշյալ հոդվածում հանցագործությունների ծանրացնող հանգամանք դիտել դրա առավել լայն տարածում և առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող տեսակները՝ ՃՏՀ-ի կատարումը ալկոհոլ օգտագործած վիճակում, սահմանված արագությունը կրկնակի գերազանցելը կամ տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունեցող անձի կողմից վարելը: Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում նախատեսել ազատազրկման ստորին շեմ՝ հիշյալ հանցագործության համար որպես պատիժ սահմանելով երեքից հինգ տարի ժամկետով ազատազրկում: Սերգեյ Ղահրամանյանն ասում է, որ կան խախտումների տեսակներ, որոնք դուրս են մնում վերոնշյալ կարգավորումներից, բայց կարիք կա, որպեսզի դրանք էլ ներգրավվեն, օրինակ, վտանգավոր երթևեկության դեպքերը: «Դա միգուցե զոհերի չի հանգեցնում, վարորդը սթափ է, արագությունը չի գերազանցվում, բայց դրանով վտանգվում է շրջապատի վարորդների և հետիոտների կյանքն  ու անվտանգությունը: Այսինքն՝ դատախազության այս նախագիծը պետք է լրացնել, էլ ավելի զարգացնել: Պարտադիր չէ, որ մարդը խմած լինի կամ բարձր արագությամբ ընթանա, զոհ լինի, նոր դա ծանրացնող հանգամանք դիտարկվի: Պետք է սկսել կանխարգելումից, նոր տանել դեպի դա, պետք չէ անպայման մարդը մահանա, նոր վրա հասնի այս օրենքի կիրառումը: Պետք է գալ սկզբից, թե ինչու է այդ ամենը տեղի ունենում, և արդյոք կանխարգելելու տեղ կա՞ր»,- ասաց նա: Ըստ Ղահրամանյանի՝ երթևեկության մեջ խուլիգանության հոդվածով առավելագույն պատիժն այսօր 50 հազար դրամ է կամ վարորդական իրավունքից զրկում: Ըստ նրա՝ 50 հազար դրամը նման արարքներ թույլ տվողների համար չնչին գումար է: «Հետևաբար, պետք է հենց այդտեղից սկսել, կանխարգելիչ միջոցառումներ կիրառել, ինչ-որ տեղ նաև կոշտ, որպեսզի նման մարդկանց հետագա գործողությունների հետևանքով մարդկային զոհեր չլինեն», – հավելեց նա: «Ես որքան հասկանում եմ՝ դատախազության նախագծով առաջարկվում է հետևյալը՝ եթե եղել է ՃՏՊ, կա զոհ, և պարզվում է, որ վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, այդ ժամանակ ավելի խիստ պատիժ կսահմանվի: Այսինքն՝ իրենց մոտեցումը սա է՝ երբ որ կլինի վթարը, զոհը, եթե կպարզվի, որ վարորդը բարձր արագությամբ է վարել կամ խմած է եղել, այդ ժամանակ ծանրացուցիչ հանգամանք կդիտարկվի դա: Այսօրվա իրավակիրառ պրակտիկայով հետևյալն է՝ բարձր արագության պատճառով վթարներ են լինում, բայց հաշվի չի առնվում, որ հենց բարձր արագությունն է պատճառ եղել, որ վթար ու զոհ է եղել: Այս նախագծով մոտեցումը հետևյալն է՝ վթար է եղել, զոհ կա, վարորդը սովորականից արագ է ընթացել, բացի այն, որ զոհ է եղել, դրա համար քննություն պետք է գնա, նաև քննություն պետք է գնա, որ վարորդը արագ է վարել: Բայց ես ասում եմ՝ պետք է կանխարգելիչ քայլերից սկսել, հետո նոր տանել սրան»,- նշեց Ղահրամանյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե կանխարգելման աշխատանքները որտեղի՞ց պետք է սկեսել, Սերգեյ Ղահրամանյանը բերում է ոստիկանության տարածած վերջին տեղեկության օրինակը, երբ Նիվա մակնիշի մեքենաների վարորդներն ակնհայտ խախտում են երթևեկության կանոնները՝ վտանգ ներկայացնելով շրջապատի համար: Նմանօրինակ արարքները, մասնագետի խոսքով, այսօր շատ բարդ է խուլիգանություն որակելը: Ավելի բարդ է ապացուցելը այդ խուլիգանությունը, որը պետք է անեն քննչական մարմինները: «Օրենքները պետք է այնքան պարզեցվեն, որ շատ հեշտ լինի տեսուչի կողմից դա արձանագրելը: Պետք է նման դեպքերում խիստ պատիժներ լինեն, միգուցե գործը հասնի պայմանական քրեական պատժի, որպեսզի մյուսները նման արարք թույլ չտան: Փոքր խախտումների դեմն այսօր առնում են հիմնականում փոքր ֆինանսական տուգանքներով, իսկ հետագայում այդ վարորդները մեծ խախտումներ են թույլ տալիս»,- ասաց նա: Անդրադառնալով օրենսդրական փոփոխություններին, ըստ որոնց՝ 9 բալանոց համակարգ է ներդրվելու օրինախախտ վարորդների համար, Սերգեյ Ղահրամանյանն ասում է, որ այս դեպքում ևս կառավարությունը մեղմ քաղաքականություն է դրսևորում: «Կառավարության դիրքորոշումն է, որ թույլ խմածության դեպքում հնարավորինս մեղմ վարվեն: Բայց ես կարծում եմ, որ թեկուզ նվազագույն չափի ալկոհոլ օգտագործելու ու մեքենա վարելու դեպքում վարորդը պետք է նվազագույնը մեկ տարով զրկվի վարորդական վկայականից: Իսկ մեզ մոտ խմածության նվազագույն շեմի համար սահմանվում է 4 տուգանային միավոր և 29 հազար դրամ տուգանք: Արդեն նշեցի, որ ֆինանսականը մեծ դեր չի խաղում այս մարդկանց համար: Կառավարությունը այս հարցում շատ բարի է գտնվել, եթե վարորդին ասում ես՝ նվազագույն չափով խմելը թույլատրելի է, իրենք դրանից ավելի կոգևորվեն ու կխմեն էլ ավելի շատ, և վտանգավոր հետևանքներ կարող են լինել»,- ասաց նա: Հանդիպակաց գոտի դուրս գալու համար 3 բալ է կորցնելու վարորդը, բայց, ըստ Ղահրամանյանի, դա ևս պետք է առավել վտանգավոր խախտումների մեջ լինի, 5-6 միավոր պետք է կորցնի վարորդը, որպեսզի նույն  արարքը երկրորդ անգամ կրկնելու հնարավորություն չունենա: Անդրադառնալով երթևեկության այսօրվա վիճակին՝ Սերգեյ Ղահրամանյանն ասում է, որ հեղափոխությունից հետո հանդուրժողականությունը շատ է երկրում, ինչն անդրադարձել է նաև երթևեկության վրա: Մարզերում, ըստ նրա, երթևեկության վիճակն ավելի վատ է: «Լուծումը պետք է գլոբալ լինի, ոչ թե միայն ոստիկաններին փոխելով, կամ գծանշումներ անելով կամ լուսավորություն ապահովելով: Խնդիրները գլոբալ են թե Երևանի, թե մարզերի համար»,- ասաց նա:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
23-07-2019 18:41