Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության գործադիր փոխնախագահին

23-07-2019 22:15

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 23-ին ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ջրամատակարարման ոլորտում կատարողական ցուցանիշներին, համակարգի արդյունավետության բարձրացմանն ու կորուստների նվազեցման ուղղությամբ համատեղ ներդրումային ծրագրերին,սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր: Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է ոլորտի արդիականացմանն ուղղված ընդհանուր քաղաքականության մշակումը և նշել, որ նախորդ հանդիպումների ընթացքում վերհանված խնդիրները կարգավորելու նպատակով ձեռնարկված համատեղ քայլերը գործուն ազդեցություն են թողել այդ գործընթացի վրա: «Ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված վարկային միջոցներին զուգահեռ մեր կառավարությունը նպատակ ունի ներդնել հավելյալ ֆինանսական միջոցներ, ինչի արդյունքում առաջիկա տարիներին հնարավոր կլինի լուծել բազմաթիվ համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման հետ կապված հրատապ խնդիրներ», – ասել է նախարար Սուրեն Պապիկյանը և հույս հայտնել, որ «Վեոլիա» ընկերությունը ակտիվ ներգրավվածություն կդրսևորի այս հարցում: Իր հերթին Մալիկա Գենդուրին վստահություն է հայտնել, որ ձեռքբերված նոր պայմանավորվածությունները և մոտեցումների հստակեցումը կվերականգնեն փոխվստահության մթնոլորտը և երկկողմ համագործակցության նոր ձևաչափի մեկնարկ կհանդիսանան, ինչը կնպաստի մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը: Զրուցակիցները անդրադարձել են նաև Երևանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանի վերագործարկման հնարավորություններին: Ընդգծելով խնդրի լուծման հրատապությունը՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ Երևանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանը կդառնա խոշոր մաքրման կայանների առաջնեկը, և դրա գործարկման ու շահագործման հաջող փորձը լավ հնարավորություններ կստեղծի հանրապետության այլ տարածքներում ևս մաքրման կայաններ կառուցելու համար:

Lragir.am,
23-07-2019 22:15