Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ստեփանակերտի և Ավստրալիայի Ռայդ քաղաքի միջև բարեկամության հաստատումը

23-07-2019 21:20

Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը, որն իրավական հիմք է ապահովում երկու քաղաքների միջև մշակույթի, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում համագործակցության հաստատման և գործնական ծրագրերի իրականացման համար: Այս մասին նշված է Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ: «Հատկանշական է նաև, որ բանաձևն ընդունվել է արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակության՝ Ավստրալիա կատարելիք այցի նախօրեին: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում Ռայդի քաղաքային իշխանությունների հետ, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության հնարավորություններն ու հեռանկարային ուղղությունները: Երախտագիտություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ստեփանակերտի և Ռայդի միջև ամուր բարեկամական հարաբերությունների հաստատմանն ուղղված այս նախաձեռնության իրականացման գործում»,- ասվում է մեկնաբանության մեջ:   

Lragir.am,
23-07-2019 21:20