Սպայկայի վերաբերյալ հնչեցված 7-8 մլրդ թվերը գնալով ավելացել են. Դավիթ Անանյան

25-07-2019 13:26

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սպայկա ընկերության նկատմամբ հարուցված գործին և հարցին, թե արդյոք ընկերությանն առաջադրված հարկային պարտավորությունների թիվը մեծացել է: «Քննությունը շարունակվում է: Անընդհատ տեղեկատվություն ենք ստանում մեր գործընկեր երկրների կողմից, հաշվարկներ ու վերահաշվարկներ են կատարվում: Ուղղակի այս պահին, հաշվի առնելով Սպայկայի սերտ առնչությունը գյուղատնտեսության ոլորտի հետ, քրեաիրավական գնահատականների առումով քննությունն առանձնացրել ենք: Եվ հնարավորություն ենք տալիս, որ իր գործունեությունում այսօր որևէ խաթարում չլինի»,- նշեց Անանյանը: Հարցին, թե զիջո՞ւմ են ընկերությանը, նա պատասխանեց․ «Չի կարելի այդպիսի բան ասել, որովհետև զիջում նշանակում է  ընդհանրապես օրենքին հակառակ գնալ, ինչը մենք չենք պատրաստվում անել: Մենք հիմա ձեռք են բերում լրացուցիչ փաստեր, որ հաշվարկները լիարժեք լինեն: Այս փուլում կազմակերպությանը մի փոքր, այսպես ասած, ազատ ենք թողել, որպեսզի ընկերության բնականոն աշխատանքով զբաղվեն: Բայց դա չի նշանակում, որ մենք հետ ենք գնացել: Հակառակը, նախապես հնչեցված 7-8 մլրդ թվերը գնալով ավելացել են»:

Lragir.am,
25-07-2019 13:26