Քշել են գեներալ Օսիպյանի վրա. ապտակ ոստիկանությանը

Ազատություն ռադիոկայանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Երեւան-Սեւան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից, կարգը խախտելով քշում հեռանում Ռենջ Ռովեր մակնիշի 555 ԼԼ 05 համարանիշով մեքենան, որն ըստ shamshyan.com-ի հայտնած տեղեկության, պատկանում է նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին՝ հայտնի Շշի Մելո մականունով: Տեսանյութում երեւում է, որ ժապավենով փակված դեպքի վայրից փորձում են համոզել հեռացնել մեքենան, բայց ոստիկանները կարծես բացատրում են, որ չի կարելի: Սակայն մեքենայի մեջ գտնվող անձը քշում է այն, անգամ դիմացը կանգնել փորձող ոստիկանի վրա եւ կարգի խախտումով մեծ արագությամբ հեռանում դեպքի վայրից: Ի դեպ, դա այն մեքենան էր, որ վնասվել էր պայթյունից: Մեծ հաշվով, տեղի է ունեցել հանցագործություն, համենայն դեպս կան դրա ակնհայտ հատկանիշներ, որովհետեւ դեպքի վայրում վնասված մեքենան հավասարազոր է թերեւս իրեղեն ապացույցի: Ըստ այդմ, հանցագործությունը պետք է ստանա համարժեք պատասխան, հակառակ դեպքում ուղղակի գործ ունենք քրեական ամենաթողության հետ, մի պարագայում, երբ ոստիկանության առաջ դրված է հանցավորության եւ լկտիության դեմ պայքարի խնդիր եւ ոստիկանապետ Օսիպյանը հայտարարել է, որ ոստիկանության համար չկան հեղինակություններ: Այդ իմաստով, տեղի ունեցածը քրեական հատկանիշներից բացի, ուղղակի ապտակ է ոստիկանությանը, ինչն անթույլատրելի է անպատիժ թողնելը: Մեքենան քշելով դիմացը կանգնել եւ արգելել փորձող ոստիկանի վրա, վարորդը այն փաստացի քշել է ոստիկանապետ գեներալ Օսիպյանի վրա: Համենայն դեպս, արարքը բարոյական տեսանկյունից գնահատվելու է այդպես, քանի դեռ չի ստացել խստագույն իրավական պատասխան: Ավելին, դրսեւորված ակտը առաջացնում է նաեւ հարց: Ինչու՞ է ոստիկանությունը թույլ տալիս, որ մեքենան դեպքի վայրից կարգի խախտումով հեռանա անարգել: Ի վերջո, դա հանցագործությունը թաքցնելու փորձ է, եւ ոստիկանները պետք է ունենային իրավասություն եւ կարողություն թեկուզ զենքի գործադրմամբ կանխել փախուստը: Միջադեպը առաջացնում է հարցեր եւ հարցադրումներ, որոնք ունեն լրջագույն պատասխանի կարիք:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
02-08-2019 17:18