ՄԻԵԴ-ի վճիռներով դատավորներին դեմ վարույթ հարուցելու հարցում պետք է զգույշ լինել. ԲԴԽ անդամ

07-08-2019 14:58

Արդարադատության նախարարությունը աշխատում է Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի կողմից կայացրած վճիռներով Հայաստանի դատավորների խախտումներին արձագանքման մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ, որին մասնակցում է նաև Բարձրագույն դատական խորհուրդը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, օգոստոսի 7-ին «ՄԻԵԴ-ի վճիռներն՝ ընդդեմ Հայաստանի. ի՞նչպես առողջացնել դատական համակարգը» թեմայով ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի դեմ կայացրած վճիռներին և դրանց հետևանքներին, այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը: «Պետք է կարողանանք գործող Դատական օրենսգրքի մեջ այնպիսի փոփոխություններ նախատեսել, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան որոշումները դառնան հիմք կարգապահական վարույթ հարուցելու համար: Բայց այստեղ անհրաժեշտ է  շատ զգույշ և հավասարակշռված մոտեցում դրսևորել, որովհետև Հայաստանի դեմ ոչ բոլոր որոշումները պարտադիր պետք է առաջացնեն այդ կարգապահական պատասխանատվությունը, քանի որ կարող են լինել դեպքեր, երբ այդ իրավունքի խախտումը տեղի է ունեցել օբյեկտիվ պայմաններում: Օրինակ` լինում են դեպքեր, երբ օրենքն է ինչ-ինչ կարգավորումներ նախատեսել, որը ՄԻԵԴ-ի կողմից հետագայում ճանաչվել է կոնվենցիային հակասող: Նման պարագայում դատավորը որևէ հնարավորություն չուներ այլ որոշում կամ վճիռ կայացնելու համար»,- ասաց Քոչարյանը: Միևնույն ժամանակ, ըստ ԲԴԽ անդամի, կարող են լինել դեպքեր, երբ Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումը հենց հանդիսանում է դատավորի գործողության հետևանք, որը իր էությամբ կարգապահական խախտում է: «Այս խնդրին Վենետիկի հանձնաժողովը անդրադարձել է՝ կապված Մոլդովայի հարցման հետ, և հանձնաժողովի մոտեցումը հետևյալն է, որ ՄԻԵԴ-ի որոշումների վերաբերյալ դատավորները կարող են պատասխանատվության ենթարկվել միայն այն դեպքերում, երբ նրանց գործողություններում առկա է չարամիտ դիտավորություն կամ կոպիտ անփութություն»,- եզրափակեց Քոչարյանը:

Lragir.am,
07-08-2019 14:58