Երևանում ավտոբուսներից մեկում քաղաքացուն վնասած գրպանահատը բերման է ենթարկվել

07-08-2019 17:40

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը իր էջում տեղեկություն է հրապարակել, ըստ որի` Երևանի երթուղային ավտոբուսներից մեկում իր և մի քանի երիտասարդների միջև տեղի ունեցել է միջադեպ: Քաղաքացու բնորոշմամբ` նրանք գրպանահատներ էին, որոնցից մեկը նույնիսկ դանակով վնասել էր իրեն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, օգտատերը նաև լուսանկար էր հրապարակել, որից անմիջապես հետո  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելով պարզեցին  լուսանկարում պատկերված անձի ինքնությունը: Մայրաքաղաքում ապրող 26-ամյա երիտասարդը Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերվել է և դանակահարման կասկածանքով բերման ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն, դեպքի հանգամանքները պարզվում են:

Lragir.am,
07-08-2019 17:40