Ոստիկանները 10-ից ավելի բնակարանային գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել մեծ քանակությամբ զենք

08-08-2019 16:09

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Երևանի բնակիչներ 53 ու 40-ամյա երկու տղամարդ Սևանում ապրող 27-ամյա մի երիտասարդի հետ խմբի կազմում կատարում են բնակարանային գողություններ: Հիշյալ անձինք վերցվեցին քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտ: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ համատեղ իրականացրին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում՝ ոստիկանների տեղեկությունները հիմնավորվեցին և նրանց տեսադաշտում հայտնված անձինք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանություն: Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին մի շարք հասցեներում: Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերեցին տարբեր բնակարաններից գողացված իրերի մի մասը, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար: Բացի իրեղեն ապացույցներից՝ իրավապահները հայտնաբերեցին նաև ապօրինի պահվող զենք-զինամթերք: Ոստիկանության ծառայողները պարզեցին, որ հրազեններից մեկը գողոն է․ այն 3000 դոլարի և ոսկյա զարդերի հետ գողացել են նախորդ տարվա ապրիլին՝ Արտաշատի բնակարաններից մեկից: Այս պահին քննությամբ հիմնավորվել է, որ նրանք կատարել են 10-ից ավելի բնակարանային գողություններ՝ Երևանում և տարբեր մարզերում: Այժմ էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են՝ բացահայտված դեպքերի բոլոր հանգամանքներն ամբողջությամբ պարզելու, ինչպես և այլ հանցադրվագներ բացահայտելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Lragir.am,
08-08-2019 16:09