Տնտեսագետը դրամի արժևորման մեջ տնտեսությանը վնասող գործոններ չի տեսնում

12-08-2019 11:21

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը տարվա սկզբից ազգային արժույթի արժևորման մեջ տնտեսությանը վնասող գործոններ չի տեսնում: «Արմենպրես»–ի հետ զրույցում նա նշեց, որ դրամի արժևորումն ունի ներքին և արտաքին պատճառներ: «Տարվա սկզբից նկատվող արժևորումը բնորոշ է գործարար ակտիվության աշխուժացմանը, սակայն արտաքին ազդակները ևս ոչ պակաս կարևոր են: Մասնավորապես, Միացյալ Նահանգների արժույթը ավելի նվազում է իր գնի մեջ, ինչը նշանակում է, որ դոլար-եվրո հարաբերակցությունն էլ է փոխվում, իսկ այս երկու արժույթներն իրենց հերթին պայմանավորում են աշխարհի բոլոր մնացած փոխարժեքները: Հայկական դրամը չէր կարող չարժևորվել, եթե նույնիսկ ոչինչ չփոխվեր Հայաստանի տնտեսության մեջ»,- նշեց Մանասերյանը: Տնտեսագետը նշում է, որ վերջին տարիներին տնտեսության մեջ ավելի շատ արտարժույթի ներհոսք է տեղի ունենում, ինչը նույնպես դրամի արժևորման պատճառ է դառնում: «Տնտեսության մեջ ավելի շատ արտարժույթի ներհոսք ստանալիս արտարժույթը նույնքան մասշտաբով կարող է ինքն իրենով բարձրացնել ազգային արժույթի կշիռը, ինչն էլ տեղի է ունենում: Վերջին տարիների ընթացքում սա անընդհատ առկա է»,- ասաց Թաթուլ Մանասերյանը: Կենտրոնական բանկի հավասարակշռված դրամավարկային քաղաքականությունն, ըստ Թաթուլ Մանասերյանի, իրավիճակը վտանգավոր չի դարձնում: «Կենտրոնական բանկը բավական հավասարակշռված դրամավարկային քաղաքականություն է վարում, և այդ քաղաքականության արդյունքում, հատկապես փոխարժեքների շուկայում արդեն երեք տարի է, ինչ նկատվում է արտարժույթի առք, ինչը բնորոշ չէր նախորդ տարիներին»,- նշեց տնտեսագետը:

Lragir.am,
12-08-2019 11:21