Բանկերում օտարերկրյա ռեզիդենտների կողմից ներդրված ավանդների ծավալը 51 տոկոսով ավելացել է

12-08-2019 15:54

Հայաստանում վարկերի և ավանդների ծավալները 2019թ. հունիսի վերջին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  էականորեն աճել են: ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է 2019 թվականի հունիս ամսվա դրությամբ հայաստանյան առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի և բանկերում ներդրված ավանդների վերաբերյալ ցուցանիշները: Ըստ պաշտոնական տվյալների՝ ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վարկերի և ավանդների ծավալներն աճել են: Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 934 մլրդ դրամ, որը նախորդ տարվա հունիսի նկատմամբ աճել է 13  տոկոսով, իսկ ավանդների ծավալն ավելացել է 18 տոկոսով՝ կազմելով 3 տրլն 90 մլրդ դրամ: 2019թ. հունիսին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ վարկային պորտֆելում ամենաշատն ավելացել է սպառողական և հիփոթեքային վարկերի ծավալը՝ համապատասխանաբար 36 տոկոսով և 34 տոկոսով: Առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալի աճն ապահովել է ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերի ծավալի շուրջ 35 տոկոս աճը: Վարկերի ծավալն ըստ ոլորտների, մլն դրամ Ընթացիկ տարվա հունիսին ոչ ռեզիդենտների կողմից բանկերում ներդրված ավանդների ծավալն աճել է 51 տոկոսով՝ կազմելով  813 մլրդ դրամ, իսկ ռեզիդենտների կողմից ներդրված ավանդների գումարն ավելացել է 9 տոկոսով կամ 1 տրլն 9 մլրդ դրամով՝ կազմելով 2 տրլն 277 մլրդ դրամ: Ռեզիդենտների ցպահանջ ավանդների ծավալն աճել է 11.2 տոկոսով, իսկ ժամկետային ավանդները 20.8 տոկոսով:

Lragir.am,
12-08-2019 15:54