Ռուսաստանից առաջ ենք անցել 10 տարով

13-08-2019 23:01

Մոսկվայում վերջին շրջանում տեղի ունեցող բողոքի ելույթների կապակցությամբ ռուսական մեդիա-փորձագիտական առաջադեմ շրջանակներում բուռն քննարկումներ են ընթանում Պուտինի ռեժիմի բնույթի, Ռուսաստանում իշխանության տրանզիտի եւ ապագա զարգացումների մասին: Այս քննարկումների բովանդակությունը, տրամաբանությունը եւ եզրահանգումները «դեժավյու» են առաջացնում, այն առումով, որ Հայաստանում նույնաբովանդակ քննարկումներ տեղի էին ունենում 10 տարի առաջ, երբ ախտորոշվում էր Հայաստանում իշխող քրեական օլիգարխիայի վարչակարգը: Ռուսական իշխող ռեժիմն իր բնույթով ու կառուցվածքով ըստ էության նույնն է, որի հիմքը կոռուպցիան է ու հանրային իրավունքների չեզոքացումը: Տարբեր են միայն կոռուպցիայի ու բռնության մասշտաբները: Ռուսական ներկայիս բարձրաստիճան չինովնիկական ապարատի ու ուժայինների վերնախավերի գողոնի չափերը պարզապես սարսուռ են առաջացնում: Ընդ որում, ռուսական այս «նոր արիստոկրատիայի» ընտանիքների անդամներն ընդունում են արտերկրի քաղաքացիություն եւ ակտիվները տեղափոխում այլ երկրներ: Այս ֆոնին, պատրիոտիզմի եւ ուղղափառության անզուսպ ու մառազմատիկ քարոզչությունը պարզապես ավելի է ընդգծում ռուսական վերնախավերի երեսպաշտության ու կեղծիքի մասշտաբները: Դա կեղծիքի ու երեսպաշտության վրա հիմնված կլեպտոկրատական ռեժիմ է, եզրակացնում են ռուսական առաջադեմ շրջանակները: Ներկայում ռուսական «նոր արիստոկրատիայի» խմբավորումները դաժան պայքարի մեջ են միմյանց դեմ, իշխանության տրանզիտի պարագայում դիրքերը պահպանելու համար: Ռուսաստանում արդեն չկա իշխանության ուղղահայացը, իսկ տարբեր քաղաքներում բողոքի ելույթները դառնում են այդ խմբավորումների միջեւ հաշիվներ մաքրելու լծակ: Հայաստանն ազատվեց նմանատիպ ռեժիմից, եւ դատելով ժամանակագրությունից, Ռուսաստանը երեւում է դեռ 10 տարի ապրելու է այդ ռեժիմի օրոք, այս կամ այն մոդիֆիկացիայով ու խմբավորումների փոխատեղումներով: Թեեւ, ինչպես նշում են ռուս փորձագետները, չի բացառվում, որ Պուտինը նաեւ մահից հետո շարունակի ղեկավարել Ռուսաստանը, նման նախադեպեր եղել են: Այս պայմաններում, Հայաստանի համար Ռուսաստանի հետ աշխատանքում առաջանում են ինչպես լուրջ բարդություններ, այնպես էլ հնարավորություններ:

Lragir.am,
13-08-2019 23:01