Մեկ ամսում երկու նոր ձեռնարկ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

13-08-2019 23:17

Հայաստանյան շատ թանգարաններ ժամանակին համընթաց են և կատարում են ոչ միայն առանցքային՝ պահպանության գործառույթը, որը վաղուց արդեն միակ առաջնայնությունը չէ, այլև ձգտում են բազմակողմանի զարգացման: Այդպիսին է նաև Հայաստանի առաջին երաժշտական՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը: Հաստատությունը միայն ընթացիկ ամսում ձեռնարկել է երկու նոր և շարունակական նախագիծ՝ ուղղված կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության, տուն-թանգարանի գործունեության հանրահռչակմանը, ինչպես նաև ստեղծագործողներին ու հասարակության տարբեր խմբերին հաստատության աշխատանքներում ներգրավելուն: Ձեռնարկներից մեկը՝ «Տուն-թանգարանի հետ…» նախագիծը oգոստոսի 10-ին մեկտեղել է ԵՊ կոնսերվատորիան (դասական կիթառ¸ Հակոբ Ջաղացպանյանի մասնագիտական դասարան) ավարտած 4 հայ երիտասարդ արտիստների` Բարդի Մինասյանին (Սիրիա), Նի Նոյին (Իրան), Թաթուլ Հաճյանին (Լիբանան)¸ Ջոն Գյումիշյանին (Հայաստան) և  դասական կիթառի սիրահարներին: Համերգային երեկոն Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում դարձել է սփյուռքից հայրենիք տեղափոխված և հայաստանաբնակ երաժիշտների ներկայանալու լավ առիթ, ինչպես նաև տուն-թանգարան նոր այցելու բերելու հնարավորություն: Բարեգործության սկզբունքով պայմանավորված համագործակցության այս ձևը իրականացել է Բարդի Մինասյանի անմիջական աջակցությամբ և փոխշահավետ ու հեռանկարային համարվել թե՛ տուն-թանգարանում և թե՛ համերգին մասնակից բոլոր երաժիշտների կարծիքով: Իսկ Նի Նոն բարեգործական ընդհանուր սկզբունքը հարստացրել է ևս մի քայլով. «Ուրախ պիտի լինեմ, եթե ստեղծագործություններիս  ձայնասկավառակները վաճառվեն, քանի որ հասույթը տրամադրվելու է մեծ հայի՝ Սպենդիարյանի տուն-թանգարանին»: Դասական կիթառի երեկոն ամբողջացավ յուրաքանչյուր երաժշտի երեքական կատարմամբ, որոնք ներառում էին ինչպես դասական կոմպոզիտորների, այնպես էլ հենց իրենց՝ երաժիշտների հեղինակային գործեր: Լեցուն դահլիճի ջերմ արձագանքներին ի պատասխան Թաթուլ Հաճյանն ընդգծեց. «Այս տուն-թանգարանն այնքան բազմազան ծրագրեր է իրականացնում այս թեկուզ շատ ջերմ, բայց փոքր դահլիճում, տպավորություն ունեմ, որ ավելի մեծ տարածք ունենալու դեպքում ավելին կաներ: Պետք է ասել համապատասխան նախարարությանը»: Տուն-թանգարանի մյուս նոր՝ «Ընթերցում ենք միասին» նախագծի նպատակը Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգությունը գրական ընթերցումների միջոցով հանրահռչակելն է: Նախագծի յուրաքանչյուր հանդիպման ընթացքում մասնակիցներն ընթերցելու են Սպենդիարյանի որևէ գործի հիմք հանդիսացած գրական երկ, լսել-դիտելու են նույն երկի հիման վրա ստեղծված արվեստի այլ միավոր և իհարկե, ամբողջը զուգահեռվելու է կոմպոզիտորի տվյալ գործի ունկնդրմամբ ու եզրափակվելու՝ ներկայացված գործերի համադրում-քննարկմամբ: «Ընթերցում ենք միասին» նախագծի առաջին մասնակիցները Մալաթիա-Սեբաստիայի գրադարանային համակարգի այցելուներն են, որոնք կընթերցեն Միխայիլ Լերմոնտովի «Երեք արմավենի» բալլադը՝ բնագրով (ռուսերեն) և թարգմանված (հայերեն), կդիտեն նույն գործի հիման վրա ստեղծված անիմացիոն ֆիլմը, կունկնդրեն Ալեքսանդր Սպենդիարյանին համաեվրոպական ճանաչում բերած նույնանուն՝ «Երեք արմավենի» սիմֆոնիկ ստեղծագործությունը: Մալաթիա-Սեբաստիայի գրադարանային համակարգի տնօրեն Անուշ Գալստյանը նախապես հաջողելու վստահությունն ունի. «Այսպիսի համագործակցությունը պարտադիր կերպով արդյունք կարձանագրի՝ բերելով  շարունակականության և տարբեր տարիքի ընթերցողների կրթամշակութային զբաղվածության բազմազանության: Այս վստահությամբ ենք համաձայնել տուն-թանգարանի համագործակցության առաջարկին»: Նախագիծը կմեկնարկի օգոստոսի 15-ին՝ ժամը 14:00-ին, մուտքն ազատ է, մասնակցությունը՝ խրախուսելի: «Ձգտում ենք առաջարկել տուն-թանգարան այցելելու բազմազան ծրագրեր: Դա անում ենք և՛ սեփական ուժերով, և՛ համագործակցությամբ: Մեզ համար առաջնային է երիտասարդ ստեղծագործողներին ներկայանալու հարթակ տրամադրելը: Այս առումով և ընդհանրապես բաց ենք համագործակցության համար: Հուսով եմ՝ մեր նոր այցելուների զգալի մասը կհամալրի մեր մշտական այցելուների շարքերը»,- կարծիք հայտնեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Նանա Պետրոսյան

Lragir.am,
13-08-2019 23:17