Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում տեղի չի՞ ունենա. Հրապարակ

14-08-2019 08:19

Հրապարակ թերթը գրում է. Ստամբուլյան կոնվենցիային նվիրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ իրավիճակ է փոխել․ մեր աղբյուրների հավաստմամբ՝ կոնվենցիայի վավերացում տեղի չի ունենա: Ավելին, անգամ ԱԺ օրակարգ չի բերվի: Իշխանական պատգամավորները նախարարի հետ հանդիպմանը հուժկու ընդվզել են՝ ասելով, թե ամեն ինչ կարելի է սղղացնել, բայց ոչ «հայու գենի» հետ կապված նուրբ հարցերը: «Ինձ ամեն օր իմ ընտրողները հարցնում են՝ ի՞նչ եք անելու գոմիկների օրենքի հետ, ես ի՞նչ պատասխան եմ տալու, դա կլինի մեր վերջը»,- ասաց իշխանական պատգամավորներից մեկը: Գաղտնիք չէ, որ կոնվենցիայի վավերացման հետ կապված՝ իշխանական բուրգում տարաձայնություններ կան: Ըստ որոշ լուրերի՝ իշխանական մոտ 40 պատգամավոր դեմ է կոնվենցիային: Եվ նրանք չեն էլ թաքցնում դա: Նախարարի հետ հանդիպմանը մի քանիսը բացահայտ հակադրվել են, որ չեն մասնակցի քվեարկությանը, եւ հույս ունեն, որ կոնվենցիայի վավերացումն առժամանակ կերկարաձգվի: Հատկապես, որ, ինչպես իշխանական մեր աղբյուրը պնդեց, քննարկվել է նաեւ դրա սահմանադրականության հարցը, քանի որ ամրագրված որոշ դրույթներ հակասում են Հայաստանի սահմանադրությանը: Խոսքը, մասնավորապես, ամուսնության ձեւակերպման հետ է կապված: Մայր օրենքը սահմանում է երկու սեռի ամուսնություն, մինչդեռ կոնվենցիայում  նրբորեն ձեւակերպված է նաեւ երրորդ սեռը:

Lragir.am,
14-08-2019 08:19