Ստեփանակերտից Լոս Անջելես. Ճեղքման փորձ

14-08-2019 10:19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին մեկնելու է ԱՄՆ, եւ այս կապակցությամբ դիմել է Լոս Անջելեսի հայությանը. «Սպասված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին: Բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով: Հրավիրում եմ Լոս Անջելեսի և հարակից քաղաքների մեր հայրենակիցներին: Հույս ունեմ, որ կքննարկենք այն օրակարգը, որի մասին խոսել ենք վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում»: Ստեփանակերտում օգոստոսի 5-ի ելույթով վարչապետ Փաշինյանը հրապարակեց համահայկական օրակարգը եւ 6 կետեր, որոնց շուրջ պետք է ձեւավորվի համահայկական կոնսենսուսը: Այդպիսով նա փորձում էր հաղթահարել հեղափոխության որոշակի տեղապտույտը եւ հետհեղափոխական դիսկուրսը «նախկին-նոր» վեճից տեղափոխել համահայկական երկխոսության եւ կոնսենսուսի տիրույթ: Հայկական մեդիա-փորձագիտական տիրույթն այս կոնցեպտուալ ելույթից հետո, ինչպես միշտ, իր «բարձրության» վրա էր: Քննարկումներ գրեթե չեղան, իսկ եղածներն էլ հիմնականում հանգում էին «երեւանյան քաղաքական մշակույթի» ավանդույթին՝ ապացուցել, որ Փաշինյանի ներկայացրած թեզերն ու նպատակները հնարավոր չեն: Այստեղ իրենց դերն են խաղում ինչպես քաղաքականության գավառական-ռեզերվացիոն պատկերացումներն ու ոտքերը վերմակի չափով մեկնելու հավատամքը, այնպես էլ ներքին որոշակի կոնյունկտուրան: Դա իհարկե ներկայացվում է որպես ռացիոնալ մտածողություն՝ համեմված արժանահավատություն ներշնչող փաստերով ու մեկնություններով, բայց, ինչպես կասեր վաղամեռիկ քաղաքագետը, հայկական ռացիոնալ-սոցիալիզմը խժռում է այն ամենը, ինչը կենդանության նշաններ է ցույց տալիս: Հայաստանում թավշյա հեղափոխությունը կանգնեցրեց դանդաղ մահը եւ հնարավորություններ բացեց իրավիճակը փոխելու համար: Դա հնարավոր է այն խնդիրների լուծմամբ, որոնք իր ելույթում թվարկեց Նիկոլ Փաշինյանը, եւ առաջին հերթին՝ համահայկական ներուժի մոբիլիզացմամբ: Դա ըստ էության քաղաքական-պետական ազգ դառնալու ճանապարհն է, պետականության ավանդույթների արմատավորմամբ: Նիկոլ Փաշինյանի ելույթը ուշացած էր, բայց լավ է ուշ, քան երբեք: Հիմա կարեւոր է հարցը՝ հայությունը ցանկանո՞ւմ է բռնել պետական-քաղաքական ազգի ճանապարհը, որը պահանջում է ազգային ներուժի գերագույն լարում ու պատասխանատվության ստանձնում, այդ թվում մշտապես պատասխանատվության տակ պահելով այն իշխանությանը, որը հայտարարել է այդ ճանապարհով գնալու մասին: Սա է քաղաքականությունը, ոչ թե ապացուցելը, իրականում արդարանալը, որ ոչինչ հնարավոր չէ: Ստեփանակերտից՝ հայ ժողովրդի արժանապատվության միջնաբերդից Նիկոլ Փաշինյանը խոսակցությունը տանում է սփյուռքի մայրաքաղաք (իր բնորոշումներն են):

Lragir.am,
14-08-2019 10:19