Անչափահաս տղային ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մեկ այլ անչափահաս

14-08-2019 11:22

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անչափահաս տղային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:  Մեկ այլ անչափահաս ձերբակալվել է: 2019 թվականի օգոստոսի 13-ին «Սուրբ Աստվածամայր» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը  ձախ  կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել  2004թ. ծնված պատանի: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ վերջինիս մոտ հայտնաբերվել է կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ձախակողմյան պնևմոթորաքս ախտորոշմամբ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2004թ.: Նույն օրը վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են  մի շարք վկաներ, կատարվել առգրավումներ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Նախաքննությունը շարունակվում է:

Lragir.am,
14-08-2019 11:22