Երիտասարդ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության մեդալների համար

14-08-2019 11:35

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում շարունակվում է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:  Աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան ազատ ոճային ըմբիշները 61, 74, 86, 92 և 125 կգ քաշային կարգերում: 61 կգքաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Հրաչյա Մարգարյանը, ով մեկնարկային գոտեմարտում պարտություն կրեց գերմանացի Նիկո Մեգերլեից, քանի որ հետագայում գերմանացի ըմբիշը նույնպես պարտվեց, Մարգարյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: 74 կգ քաշային կարգում Դավիթ Գևորգյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից և 6:9 հաշվով զիջեց հույն Գեորգիոս Կուգիումցիդիսին: Քառորդ եզրափակիչում հույն ըմբիշը 2:12 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Հաջիմուրադ Գաջիևին, և Դավիթը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: 86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը 1/8 եզրափակիչում 2:5 հաշվով զիջեց Կանադան ներկայացնող Հունտեր Լիին, իսկ քառորդ եզրափակիչում կանդացի ըմբիշը 1:5 հաշվով պարտվեց հնդիկ Դիփակ Պունյաին, և Մարկոսյանը չի կարողանա պայքարել բրոնզե մեդալի համար: 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0:10 հաշվով զիջեց Իրանը ներկայացնող Ամիր Զարեին: Իրանցի ըմբիշը հասավ մինչև եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Մաղաքյանին սփոփիչ գոտեմարտ անցկացնել և պայքարել բրոնզե մեդալի համար:

Lragir.am,
14-08-2019 11:35