Սոչիի օդանավակայանն ու աճող նացիոնալիզմը Ռուսաստանում

14-08-2019 13:07

2019 թվականի օգոստոսը սկսվեց լուրերով այն մասին, որ Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներին զանգվածաբար ազատում են աշխատանքից: Հուլիսի 31-ին Սոչիի միջազգային օդանավակայանի՝ ազգությամբ հայ 29 աշխատակիցներ հայտարարություն տարածեցին, որում ասվում է, որ օդանավակայանի ղեկավարությունը հայերի նկատմամբ խտրականություն է դրսևորում և, արդեն երկրորդ տարին է, աշխատանքից ազատում է ազգությամբ հայ աշխատողներին: Օգոստոսի 1-ին այս հայտարարությունը հերքվեց օդանավակայանի կողմից: Ըստ Սոչիի օդանավակայանի բացատրության, աշխատանքից ազատված հայ աշխատակիցները պարզապես փորձում են ազգային պատկանելիության փաստարկը կիրառելով իրենց համար հատուկ պայմաններ ստանալ օդանավակայանից: Օդանավակայանի՝ ազգությամբ հայ նախկին աշխատակիցներն էլ որոշեցին դիմել ՌԴ պատկան մարմիններին՝ հարցը օրենսդրական դաշտում կարգավորելու նպատակով: Կա՞ արդյոք իրական խնդիր Հաշվի առնելով կողմերի իրարամերժ հայտարարությունները՝ հարց է ծագում, թե արդյո՞ք հեռացումների պատճառն իսկապես ազգային խտրականությունն է: Սոչիի օդանավակայանը պատկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ օլիգարխ Օլեգ Դերիպասկայի «Բազել Աէրո» ընկերությանը: Ըստ 2018 թվականի տվյալների, «Բազել Աէրո» ընկերությանը պատկանող չորս օդանավակայանների աշխատակիցների ընդհանուր թիվը (Սոչի, Գելենջիկ, Անապա, Կրասնոդար) կազմում է 6000 մարդ: Ըստ օդանավակայանի լրատվական ծառայության հայտարարության, աշխատանքից ազատված հայերը հեռացված աշխատակիցների ընդամենը երեք տոկոսն են կազմում: Եթե անգամ համարենք, որ այս 6000-ի կեսը աշխատում է Սոչիի օդանավակայանում (օդանավակայանի աշխատակիցների թիվը հրապարակված չէ), ապա ստացվում է, որ օդանավակայանի դեմ հայտարարությունը ստորագրել է աշխատակիցների մոտ 1 տոկոսը (29 մարդ): Սոչիի օդանավակայանի՝ վերոնշյալ հերքման տեքստում աշխատակիցների մոտ մեկ տոկոսը բնութագրվում է որպես «մարդկանց մի փոքր խումբ»: Հայտարարության տեքստում, մասնավորապես, ասվում է․ «․․․ Մարդկանց մի փոքրիկ խումբ, որը վերջերս է դադարել աշխատել ընկերությունում, դիտավորյալ օգտագործում է ազգային պատկանելիությունը՝ պահանջելով հատուկ պայմաններ իրենց համար: Մենք համարում ենք, որ այս խմբի գործունեությունը ոչ միայն իրավական դաշտում չէ, այլ նաև հրահրում է ազգամիջյան ատելություն, ինչն անթույլատրելի է»: «Սպուտնիկի» հայկական ծառայությունն էլ հրապարակել է հոդված, ըստ որի՝ Սոչիի օդանավակայանի ղեկավարությունը «Սպուտնիկին» տեղեկացրել է, որ աշխատանքից ազատված մարդկանց ընդհանուր թվի միայն երեք տոկոսն են ազգությամբ հայ աշխատակիցներ: Այսինքն, ըստ օդանավակայանի՝ աշխատանքից, ընդհանուր առմամբ, շուրջ 1000 մարդ է հեռացվել: Սա «Բազել Աէրո» ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի մեկ վեցերորդն է: Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա ընկերությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Փաստորեն՝ եթե ազգային խտրականությունը բացառենք, ապա ենթադրվում է, որ օդանավակայանը ունի ֆինանսական խնդիրներ ու զանգվածային կրճատումներ է իրականացնում: Օդանավակայանում, սակայն, այդպիսի կրճատումներ կարծես թե տեղի չեն ունենում, առնվազն՝ ֆինանսական խնդիրների և դրանցից բխող զանգվածային կրճատումների մասին լուրեր չեն պտտվում: Ավելին՝ օդանավակայանի կայքի աշխատանքային հայտարարություններ բաժնից դատելով՝ օդանավակայանը ի վիճակի է նոր աշխատակիցներ վարձել: Այլատյացությունը Ռուսաստանում Արդյո՞ք Սոչիի օդանավակայանի դեպքը Ռուսաստանում այլատյացության օրինակ է: Այն, որ Ռուսաստանում կա հստակ բացասական վերաբերմունք այլազգիների հանդեպ, նորություն չէ: Այսպես, օրինակ, «Լևադա» հետազոտական կենտրոնի՝ 2018 թվականի հետազոտության համաձայն, հարցված ՌԴ քաղաքացիների 66%-ը կողմ է ՌԴ-ում այս կամ այն ազգի ներկայացուցիչների ներկայությունը սահմանափակելուն: 2017 թվականին հարցման մասնակիցների 54%-ն էր նման կարծիք հայտնել, իսկ 2016-ին՝ 70%-ը: Փաստորեն, 2017 թվականի՝ այլատյացության նվազման դրական միտումը 2018 թվականին կրկին հետընթաց է ապրել: Ընդ որում՝ հայերը ևս պարբերաբար դառնում են այլատյացության զոհ ՌԴ-ում: Այսպես, օրինակ, 2013 թվականին բեռնատարով ավտոբուսի բախված Հրաչյա Հարությունյանին հիվանդանոցում հետաքննության պահանջով բժիշկները դուրս էին բերել դեղորայքային քնից և վթարի հաջորդ օրը տարել դատարան՝ ծաղկավոր խալաթով: Իրազեկ քաղաքացիների միավորում

Lragir.am,
14-08-2019 13:07