Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հաջորդ հանդիպմանը

14-08-2019 13:57

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպման ժամկետներ չի նշում, բայց վստահեցնում է, որ այդպիսի հանդիպումները շարունակական են լինելու: «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը հայտնեց օգոստոսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում: «Բավական առիթներ ունեցել ենք խոսելու բանակցային դինամիկայի մասին: Վերջին հանդիպումը կայացել է երկու ամիս առաջ: Դրանից առաջ կայացել էր ապրիլին, դրանից առաջ մարտին, դրանից առաջ հունվարին, և այս դինամիկան պահպանվում է: Նախատեսվում է սրա շարունակությունը, և մենք երբևէ այդ դինամիկայի առումով սպասեցնել չենք տվել, և մտադրություն չունենք փոխելու մեր մոտեցումը: Ինչ վերաբերում է ժամկետներին, նորից պետք է խնդրեմ ձեզ, որպեսզի մի փոքր համբերությամբ զինվեք, որովհետև ես սկզբունքային եմ համարում այն, որ հանդիպման մասին հայտարարվում է այն ժամանակ, երբ հանդիպման ժամն ու օրը համաձայնեցվում է համանախագահների և մյուս կողմի հետ: Բայց կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ գործընթացը շարունակական է: Արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, տեղի է ունեցել հունիսի 20-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում:

Lragir.am,
14-08-2019 13:57