Էլլիպս Ջի Էյ ընկերության հայտարարությունը

14-08-2019 17:17

13․08․2019թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչների կողմից ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր՝ Ալեքսան Զաքարյանը, տնօրենի խորհրդական Արմեն Խանամիրյանը և «Էլլիպս Ջի Էյ» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականուշ Սահակյանը: Չնայած այս հանգամանքին, 2 ընկերությունները և՛ Էլլիպսը, և՛ Սեքյուրիթի Դրիմը աշխատում են բնականոն ընթացքով, պատշաճ կատարում են պետության հանդեպ ստանձնած իրենց պայմանագրային պարտավորությունները: Միևնույն ժամանակ հորդորում ենք 2 ընկերությունների աշխատակիցներին՝ զերծ մնալ ի աջակցություն իրենց ձերբակալված աշխատանքային գործընկերների ինքնաբուխ հավաքներից, բողոքի ակցիաներից, դրանով իսկ չխափանելով ընկերությունների բնականոն աշխատանքը, որով կվտանգվի նաև ճանապարհային երթևեկության անվտանգությունը: Վստահ ենք, որ քննչական մարմինները քննությունը կիրականացնեն օբյեկտիվ, կգործեն օրինական և այդ պարագայում ներկայիս որոշակի խեղված արդարությունը կվերականգնվի: Ինչպես նաև սույն հայտարարությամբ հրավիրում եմ բոլոր հսկող և վերահսկող մարմինների ուշադրությունը սույն դեպքով քննչական մարմինների հակաիրավական գործողությունների հետ կապված: Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ մամուլում հրապարակվել են տեղեկություններ, որ իբրև թե ընկերությունների ղեկավարները ստիպողաբար ցանկանում են աշխատակիցներին դուրս բերել փողոց՝ ի նշան բողոքի ակցիայի: Ցանկանում ենք հայտարարել, որ այդ տեղեկատվությունը բացարձակ սուտ է: Ընկերությունների ղեկավար կազմը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները նման երևույթները բացառելու ուղղությամբ: «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ Տնօրեն` Գ. Զատիկյան

Lragir.am,
14-08-2019 17:17