«Ջիպսի Քինգս ֆամիլի»-ի անդամ Ջոզեֆ Ֆարժիերն այցելեց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

14-08-2019 19:20

«Ջիպսի քինգս ֆամիլի»-ի անդամ Ջոզեֆ Ֆարժիերն, ով Հայաստանում է գտնվում համերգներով, այցելեց պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա կենտրոնում «Ջիպսի քինգս» խմբի մի քանի երգ կատարեց բուժում ստացող երեխաների համար: Ջոզեֆը հանդիսանում է «Our music for you» (Մեր երաժշտությունը քեզ համար – հեղ.) ֆոնդի հիմնադիր, որը ստեղծվել է բարեգործական համերգներ անցկացնելու նպատակով: Ստացված գումարը հիմնադրամը, որը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում, փոխանցում է մանկական հիվանդանոցներին: «Ես այստեղ եկել եմ աջակցելու այս փոքրիկներին և ցույց տալու նրանց, որ իրենք սիրված են և լսված: Մենք նպատակ ունենք կազմակերպել Հայաստանում մեծ միջոցառում»,- ընդգծեց Ջոզեֆը: Նա այցելեց նաև այն երեխաներին, ովքեր մի փոքր ավելի թույլ էին և նրանցից մեկին՝ Արկադիին, ով նույնպես կիթառ է նվագում ու երգում, խոստացավ հաջորդ այցելության ժամանակ իր անձնական կիթառը նվիրել: Արյունաբանական կենտրոնում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Ժպիտների քաղաք» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն էլ նշեց, որ իրենք շատ են կարևորում այդ կենտրոնում նման միջոցառումները: «Անչափ ուրախ ենք, որ Ջիպսի քինգ ֆամիլի-ի անդամներից մեկը կամք ցուցաբերեց այցելել Հայաստանում գտնվող հիվանդանոցի մեր երեխաներին»,- ասաց Դեմիրճյանը:

Lragir.am,
14-08-2019 19:20