Ձերբակալվել է Արմեն Աշոտյանի վարորդը

14-08-2019 21:03

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Արամ Բարսեղյանը: Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/ և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման մեջ, որ 2009-2016թթ-ին, զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վարորդի, այնուհետև՝ օգնականի պաշտոնները, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ-ին «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում ապօրինի ձևակերպվել է որպես պահակ և բանվոր, 2011-2016թթ-ին ՀՀ ԿԳՆ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ որպես վարորդ, իսկ 2016թ.-ի մարտ ամսից՝ Ա. Աշոտյանի աշխատանքից ազատվելուց հետո, վերջինիս միջնորդությամբ 2016-2017թթ-ին որպես վարորդ է ձևակերպվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում: 2009-2017թթ.-ի ընթացքում Ա. Բարսեղյանը, ձևակերպված լինելով վերոնշյալ հաստիքներում, որևէ անգամ աշխատանքի չի հաճախել, այլ շարունակել է կատարել Ա. Աշոտյանի օգնականի և վարորդի պարտականությունները, ընդհանուր առմամբ ստացել է 8.734.118 ՀՀ դրամ գումար, ինչով օժանդակել է ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցներից հիշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարների վատնմանը: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ: Տեղեկացնենք, որ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ձերբակալությանը: Նա գրել է. «ՀՔԾ-ն քրեական գործերից մեկով քիչ առաջ ձերբակալել է իմ վարորդ, իմ օգնական, իմ ընկեր Արամ Բարսեղյանին, ում մեղադրում են պետական միջոցների վատնման մեջ: Դա արվել է մի գործի շրջանակներում, որը արդեն մի քանի ամիս է, ինչ հարուցված է, և այդ ընթացքում Արամը բազմիցս բացակայել է երկրից և վերադարձել՝ լավ հասկանալով, որ հետապնդման վտանգ կա: Այն, որ իմ և իմ շրջապատի հանդեպ «կեղտ որոնելու» աշխատանքները տարվում են իշխանափոխության հենց սկզբից, ես վաղուց գիտեի: Տեսնելով, որ ուղղակի ինձ վրա գործ սարքել չի ստացվում, այս իշխանություններն անցել են իմ ընկերներին և բարեկամներին: Իմ մտերիմ մարդու ձերբակալությունը բացառապես քաղաքական է և ուղղակիորեն կապված է իմ անձի հետ: Իմ հնչեցրած փաստարկված քննադատությանն իշխանությունը պատասխանում է նման ցածր, էժան քայլերով՝ փորձելով ինձ լռեցնել իմ մերձավորների նկատմամբ քրեական հետապնդման միջոցով: Ակնհայտ է, որ տվյալ հանձնարարականը տրվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից»:

Lragir.am,
14-08-2019 21:03