Հայաստանի ԱԳՆ նոր քաղաքականությունը. Արցախն արդեն փորձեր է ձեռնարկում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ուրուգվայի իր գործընկեր Ռոդոլֆո Նին Նովոայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ չի մեկնաբանել Ադրբեջանում հայ զինծառայողի հայտնվելու դեպքը: «Խնդիրը բավական զգայուն է: Արցախի ԱԳ նախարարությունն արդեն հայտարարություն արել է: Դրա մեջ նշվում է, որ Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին վերադարձնելու համար»,- ասել է նախարարը: Սա նոր խոսք է Հայաստնաի ԱԳՆ քաղաքականությունում: Նախարարը հղում է անում Արցախի ԱԳՆ ջանքերին՝ ցույց տալով Արցախի սուբյեկտությունը եւ նման հարցերի լուծման գործում Ստեփանակերտի առաջնայնությունը: Մեկնաբանելով Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը՝ Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ ավելացնելու բան չունի, եւ հայկական կողմի դիրքորոշումը հստակ արտահայտված է: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում խոսելով արցախյան հարցում Հայաստանի դիրքորոշման մասին, հղում է արել մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին: Այն ժամանակ Փաշինյանն ասել է, որ Երեւանը բանակցություններում պնդելու է Արցախի սուբյեկտությունը: Դրանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ լիազորված չէ բանակցությունների սեղանին ներկայացնելու Արցախի ժողովրդին, քանի որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին: Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Ստեփանակերտում քննարկվել է Արցախի մասնակցության հարցը: Նշվել է, որ Հայաստանը դա առաջ չի քաշելու որպես պայման, սակայն դրա կարեւորությունն անհնար է հաշվի չառնել, ասել էր Մնացականյանը: Հիմա էլ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ցույց է տալիս, որ Արցախի ԱԳՆ-ն պետք է հնարավորություն ունենա հայ զինծառայողին վերադարձնելու համար:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
14-08-2019 22:36