ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել քաղաքացու կողմից կազմակերպած բողոքի ակցիայի վերաբերյալ

20-08-2019 19:07

Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել քաղաքացի Արթուր Խառատյանի կողմից օգոստոսի 20-ին ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ. «Արթուր Խառատյանը 2019 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչություն դիմում էր ներկայացրել՝ խնդրելով մաքսազերծել իր կողմից «Օնէքս» ՍՊԸ-ի անունով ՀՀ ներմուծված ապրանքները: Ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությամբ հիմնավոր կասկածներ են առաջացել առ այն, որ  Արթուր Խառատյանը մաքսային վճարներից խուսափելու նպատակով, նախապես համաձայնության գալով «Օնէքս» ընկերության ներկայացուցիչների հետ, օգտագործելով ընկերության փոստային և սուրհանդակային ծառայություններ մատուցելու հանգամանքը, տարբեր ֆիզիկական անձանց փաստացի պատկանող բեռների ներկրումը ձևակերպել է «Օնէքս» ընկերության անվամբ: ՊԵԿ քննչական վարչությունում ստացված հաղորդման հիման վրա  մաքսային վճարներից խուսափելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է»:

Lragir.am,
20-08-2019 19:07