Ամուլսարի հարցն այն փորձաքարն է, որի դեպքում այս իշխանության ամբողջականությունը կարող է խարխլվել

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Պարոն Ղևոնդյան, վերջին օրերին նախկին իշխանության ներկայացուցիչները խոսում են Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է դա  պայմանավորված, իսկապես նրանք ինֆորմացիա ունեն, որ պետք է ձերբակալեն Սերժ Սարգսյանին և կանխարգելիչ քայլե՞ր են անում: Սա ապագայի պլանավորման դասական գործունեություն է, որը շատ է օգտագործվում քաղաքականության մեջ: Երբ փորձում են ինչ-որ բան կանխարգելել կամ որոշակի գործընթացներ սկսել այդ ուղղությամբ, խոսում են այն բանի մասին, ինչն իրենց պետք է: Հնարավոր է՝ նրանք Սերժ Սարգսյանի ձերբակալության հետ կապված ունեն որոշակի ինֆորմացիա, որը հանրությանը հասանելի չէ, որը մենք չգիտենք և փորձում են կանխարգելել դա: Կամ փորձում են հետագայի համար պլատֆորմ ստեղծել, որ այդ ձերբակալությունից հետո խոսեն այն մասին, որ դա քաղաքական հետապնդում է, ինչպես Քոչարյանի դեպքում են անում: Փորձեն ցույց տալ, որ դա մի քանի հոգու վրեժխնդրության հետևանք է: Այսինքն՝ որոշակի հարթակ են ստեղծում իրենց հետագա գործունեությունն իրականացնելու համար: Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալությամբ կլինի՞ այն ցնցումը, որի մասին խոսում են ՀՀԿ-ականները: Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի ձերբակալությունը դառնա հասարակության մոտ ցնցում առաջացնող իրադարձություն՝ հաշվի առնելով, որ հասարակության մոտ թե Սերժ Սարգսյանը, թե նրա կողմնակիցները ակնհայտ փոքրամասնություն են և սոցիալական բազա որպես այդպիսին գոյություն չունի, որի վրա կարող են հենվել և իրականացնել լուրջ փոփոխություններ: Իշխանության վերջի սկիզբ հասկացությունը կարելի է հասկանալ երկու կերպ. մեկը հասարակության մեջ ցնցումներ առաջ բերելն է, որը իրատեսական չեմ համարում, մյուսը կարող է լինել այն, որ իշխանությունը չիրականացնի այն գործընթացները, որոնք հասարակությունը սպասում է, և փորձի նախկինների ձերբակալությամբ քողարկել իր անգործությունը: Դա կերևա ժամանակի ընթացում: Եթե իշխանությունը դրան զուգահեռ իրականացնի այն գործունեությունը, որն ընտրությունների ժամանակ եղել է իր ծրագրում, կարծում եմ իշխանության վերջի սկզբի մասին հայտարարություններն անհեթեթ են: Իսկ եթե իշխանությունը օգտվի միայն այն հանգամանքից, որ այդ ձերբակալությունը հասարակության մեջ դուր կգա շատերին և անգործություն դրսևորի, այդ դեպքում հնարավոր է այդպիսի զարգացում: Մի կողմից Ամուլսարի հանքի շահագործումը, մյուս կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը իշխանության ներսում թևերի են բաժանել: Նախկինների հաշվարկները դրանց վրա՞ են հիմնված: Նախորդների ռևանշիստական որևէ գործընթաց ես չեմ պատկերացնում: Նույնիսկ եթե իշխանությունը կորցնի իր լեգիտիմությունը, հնարավորություն չունենա պահել իշխանությունը, այդ դեպքում շատ ավելի հավանական է ինչ-որ երրորդ ուժի գալը, քան նախորդների վերադարձը, քանի որ նախկինների նկատմամբ հասարակական մերժումը բավականին ցայտուն է դրսևորվում: Նախորդների վերադարձի հնարավորությունը ես բացառում եմ նույնիսկ այն դեպքում, եթե իշխանությունը Ամուլսարի կամ Ստամբուլյան կովենցիայի հարցերում չարդարացնի հանրային ակնկալիքները: Ինչ վերաբերում է բուն այդ գործընթացներին, ապա Ստամբուլյան կոնվենցիայի հարցով ես դեռևս տեսակետ չեմ ցանկանում հայտնել, քանի որ ես իրավաբան չեմ: Այն, ինչ ես կարդում եմ, քաղաքական տեսակետից Ստամբուլյան կոնվենցիան ոչ մի նոր բան Հայաստանի իրավական դաշտ չի բերում, այն մարդկանց իրավունքները, որոնք պաշտպանված էին, էլի պաշտպանվում են: Սակայն գուցե կան խութեր, որոնք իրավաբաններն ավելի լավ են պատկերացնում: Ինչ վերաբերում է Ամուլսարին, կարծում եմ, որ Ամուլսարը հանդիսանում է Հայաստանը սնող մի քանի գետերի խառնարանը, ուստի կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ Ամուլսարը որպես հանքարդյունաբերություն չօգտագործվի: Եթե իշխանությունն ընտրի հանքը շահագործելու տարբերակը, ի՞նչ վտանգների կբերի, և եթե չընտրի այդ տարբերակը, ինչ մարտահրավերների առաջ կկանգնի: Արդյոք փակուղային վիճակում չենք: Կարծում եմ՝ Ամուլսարը ձեր նշած թակարդի որոշակի տարրեր պարունակում է: Եթե Ամուլսարը որպես հանք օգտագործվի, իշխանության լեգիտիմությունը բավականին կնվազի: Հետագա գործընթացը կախված կլինի նրանից, թե հանքի շահագործման արդյունքում ինչպիսի մեսիջներ կուղարկվեն այլ երկրներին, ինչ ներդրումներ կգան: Եթե այլ երկրներից համաչափ ներդրումներ չգան և հնարավոր չլինի այդ ներդրումները ցույց տալով հիմնավորել Ամուլսարի շահագործումը, կարծում եմ՝ իշխանության լեգիտիմությունը բավական մեծ անկում կապրի: Իսկ եթե չշահագործվի հանքը, արտաքին լեգիտիմության խնդիր կունենա իշխանությունը: Կարծում եմ՝ այստեղ պետք է գտնել այնպիսի լուծումներ, որոնց դեպքում հնարավոր կլինի պահպանել իշխանության լեգիտիմությունը գոնե որոշակի չափով: Ամբողջապես պահպանել ամեն դեպքում չի հաջողվի: Ակնհայտ է, որ Ամուլսարի հարցում իշխանության մեջ պառակտում կա: Իշխող ուժի պատգամավորները նշում են, որ լավ է, որ տարբեր տեսակետներ կան, սակայն երբ նախկինում միասնական էին այս կամ այն հարցում, ասում էին, որ իրենք քաղաքական թիմ են և անկախ տարաձայնություններից, պետք է միասնական քվեարկեն: Այստեղ հակասություն չե՞ք տեսնում: Այստեղ ոչ միայն իշխանության ներսում երկպառակության խնդիր է, այստեղ նաև կա արտաքին աշխարհում իշխանության լեգիտիմության հարցը: Եթե դիտարկենք իշխանությունը որպես ամբողջական մարմին, ապա Ամուլսարի հարցն այն փորձաքարն է, որի դեպքում այս իշխանության ամբողջականությունը կարող է խարխլվել: Սակայն իշխանությունը նաև կենդանի օրգանիզմ է և շատ նորմալ է, որ իշխանության ներսում լինեն խնդիրներ, որոնց դեպքում ամբողջական կարծիք չլինի: Ես դեռևս ընտրություններից առաջ նշել եմ, որ հավանական եմ համարում, որ իշխանության մեջ ժամանակի ընթացքում կառաջանա ընդդիմություն, որը ժամանակի ընթացքում կբերի նոր իշխանությունների երկու բևեռների բաժանման, որոնք կփորձեն հակակշռել միմյանց: Դա կապված է նրա հետ, որ այն Սահմանադրությունը, որն այսօր գործում է, ունի լուրջ խնդիրներ: Իշխանությունների զսպման և հակակշռման համակարգը չի գործում: Անկախ իշխանության կամքից, այդ հակակշիռների համակարգը կձևավորվի իշխանության ներքին տարածությունում: Ամուլսարը հենց այն փորձաքարն է, որը կարող է բերել հենց այդ հակակշիռների համակարգի ձևավորմանը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
20-08-2019 22:14