Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը և այրվել. ուղևորներից մեկը մահացել է

21-08-2019 11:51

«911» ծառայությանն օգոստոսի 20-ին, ժամը 18:21-ին  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը և այրվում է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի  (վարորդ՝ Նորայր Լ., ծնված 1980 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել մոտակա ձորակը և բռնկվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Անտոն Կ.-ն (ծնված  1988 թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ», այնուհետև տեղափոխվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»: Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մյուս ուղևոր Էլինա Կ.-ի այրված դին: Փրկարարները հրշեջ-փրկարարների հետ համատեղ իրականացրել են ավտոմեքենայի հովացման աշխատանքներ:

Lragir.am,
21-08-2019 11:51