Ամուլսարի հարցը թեկուզ որոշակի օրենքի տեսք տված բռնությամբ լուծելը կփլուզի հեղափոխության կոնցեպտը

Մեր զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը Պարոն Նահապետյան, Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի վերաբերյալ «Էլարդի» եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հանձնարարելով պարզել արդյոք եզրակացության մեջ կա՞ն տվյալներ, որոնք հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում: Սա կարո՞ղ ենք համարել պայքարի արդյունք, թե ոչ, արդյոք կառավարությունը հանրային ճնշմանը տեղի տվեց: Ես կդժվարանամ սա գնահատել որպես արդյունք, որովհետև արդյունքը պետք է լինի առարկայական: Արդյունքն այն կլինի, երբ արձանագրվի այս կամ այն դիրքորոշումը,  արձանագրվի, թե մեր կառավարությունն ինչ քաղաքական գիծ է վերցնում: Այս իմաստով, դա պրոցեդուրային մի կետ է ընդամենը, որը մենք անցնում ենք: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր կարծիքով 99 տոկոսով դրա կարիքը չկա, հիմա այն մի տոկոսն է ուզում հստակեցնել: Ես պնդում եմ, որ կա նման անհրաժեշտություն՝ իրավաբանների, մասնագետների հետ ուսումնասիրելով մեր խորհրդատուներն ասում են, որ կա նոր ՇՄԱԳ անցկացնելու անհրաժեշտություն: Պատճառն այն է, որ 300 էջի վրա «Էլարդ» ընկերությունը մատնանշել է հազարավոր նոր էկոլոգիական հանգամանքներ: Էկոլոգիական նոր հանգամանք է այն, որ տեկտոնիկան այնքան էլ պարզ չի, ինչքան «Լիդիանը» ներկայացրել է: Բազմաթիվ նոր հանգամանքներ կան, իսկ ՇՄԱԳ փորձաքննությունների մասին օրենքը հաստատում է, որ նման պայմաններում, երբ ծագում են նոր էկոլոգիական հանգամանքներ, պետք է վերափորձաքննություն լինի: Նաև օրենքի մի քանի այլ կետեր կան, որոնց վրա հենվելով կարելի է պնդել, որ նոր փորձաքննությունը պարտադիր է: Ես հույս ունեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես կգա հանրության շահերի դիրքերից, որովհետև նրանք կառավարությունում են այն պատճառով, որ հանրություն այդպես ցանկացել է: Ես հույս ունեմ, որ նրանք կարդարացնեն մարդկանց ակնկալիքները: «Իմ քայլը» խմբակցությունում այս հարցում միասնականություն չկա: Դեմ հանդես եկողները պնդում են, որ Ամուսլարը պետք է մնա սար և ընդհանրապես, Հայաստանն առաջիկա տարիներին պետք է պետք է մշակի հանքարդյունաբերության հայեցակարգ, գոնե 5 տարի չպետք է լիցենզիա տրվի, իսկ եղած հանքերն էլ աստիճանաբար պետք է վերանան: Շատերն էլ առաջարկում են հարցը լուծել հանրաքվեով: Դուք ինչպե՞ս եք տեսնում լուծումը: Այո, ես տեղյակ եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունում տեսակետները կիսվել են: Ես ողջունում եմ այն մարդկանց, որոնք ասում են, որ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի: Այս հարցում մենք նույնական պատկերացումներ ունենք և նույնկերպ ենք հասկացել հեղափոխության ասելիքը: Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա հանրաքվեն որպես հանրային ճգնաժամերի կարգավորման միջոց մեզ համար ընդունելի և ողջունելի տարբերակ է: Հանրաքվեի դետալների և արդյունավետության մասով նման հարց օրակարգում չկա և մենք դա չենք քննարկել: Այդ դետալները շատ կարևոր են, ասենք՝ որտեղ է հանրաքվեն անցկացվելու, մարդկանց ինչ շրջանակ է մասնակցելու և այլն: Այդ դետալների ապահովման դեպքում միայն հանրաքվեն կլինի հանրային կամարտահայտության դրսևորում: Այս պահին նման հարց օրակարգում չկա: Հայտարարվում է, որ եթե հանքը չշահագործվի, մենք ներդրումների մասով լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու: Դուք այս իրավիճակում ինչպիսի՞ լուծում եք տեսնում: Հարցը բազմաշերտ ու չափազանց ճգնաժամային է: Հարցը եկել հանգել է հեղափոխության ասելիքին, բովանդակությանը երկու առումով. նախ՝ հանրությունը որոշելու իրավունք ունի, թե ոչ: Հեղափոխությունն ասել է՝ ունի: Երկրորդ՝ հեղափոխությունն ասել է ոչ բռնի, սիրո և համերաշխության մթնոլորտ պետք է լինի Հայաստանում: Այս հարցը թեկուզ որոշակի օրենքի տեսք տված բռնությամբ լուծելը կփլուզի հեղափոխության կոնցեպտը ընդհանրապես: Սա շատ վտանգավոր է: Եթե դա փլուզվի, ես չեմ պատկերացնում, թե հանրային հարաբերություններն ինչ տրամաբանությամբ են կարգավորվելու: Հեղափոխությունն ասել է, որ մարդիկ են որոշողը, ոչ թե ՀՀԿ-ի պատգամավորները, հիմա տեղի ունեցողը կփաստի հակառակի մասին: Ինչ վերաբերում է հանքը չշահագործելու դեպքում հնարավոր սպառնալիքներին, ես դրանք ռեալ չեմ համարում, եթե կա դրանց կառավարմանն ուղղված քաղաքականություն: Ինչ վերաբերում է  ներդրումներին, ապա երբ նախորդ կառավարությունը շոյում, փայփայում էր «Լիդիանին», Հայաստանում այնպես չէ, որ զգալի տնտեսական փոփոխություններ առաջացնող ներդրումներ են եղել: Վերջին տարիներին օտարերկրյա ուղղակի ներդրումների կեսից ավելին այսպես թե այնպես եղել են հանքարդյունաբերության ոլորտում: Այսինքն՝ ստացվում է, որ նրանք մեզ ասում են՝ եթե մեզ հիմա չթողնեք այս հանքը բացենք ձեզ մոտ, մենք այլևս ոչ մի նոր հանք չենք բացի: Սա՞ է սպառնալիքը: Շատ լավ, մենք համաձայն ենք դրան: Իրականում ներդրումներ անողները պրագմատիկ մարդիկ են, և նրանք հասկացել են, որ Հայաստանում միակ տեղը, որտեղ հնարավոր է փող աշխատել, որտեղ կառավարությունը այդ հնարավորությունը ստեղծել է, միակ ոլորտը հանքարդյունաբերություն է, և փողը դրել են այդ ոլորտում: Երբ կլինի այլ տնտեսական հայեցակարգ, կլինեն այլ առաջնահերթություններ, փողը կհոսի այլ տեղ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
23-08-2019 09:56