Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ

23-08-2019 10:56

Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք: Ինչպես հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ Գնդևազ համայնքի բնակիչների, Ամուլսարի հանքի չշահագործման համար տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Առանձին քննարկումներ տեղի կունենան նաև Ջերմուկի համանքապետարանում: Հաշվի առնելով լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հրապարակումները՝ առանձին դիտարկում կիրականացվի քաղաքում ոստիկանական ուժերի կուտակումների հետ կապված: Այս հարցով Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին երեկ հասցեագրվել է 3 ահազանգ Ջերմուկի բնակիչներից: Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:

Lragir.am,
23-08-2019 10:56