Էրդողանի հրամանագրով Սահակ եպս. Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

23-08-2019 17:16

Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019թ. օգոստոսի 9-ին թիվ 1416 հրամանագրով Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին հասարակական վայրերում սքեմ կրելու արտոնություն է տվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը: 2019 թվականի մարտին Պոլսի Հայոց 84-րդ պարտրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանից հետո սկսվեց նոր պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթաց: Որպես այդ գործընթացի բաղկացուցիչ մաս, նախ տեղի ունեցան պատրիարքի տեղապահի ընտրությունները, որի արդյունքում տեղապահ ընտրվեց Սահակ եպս. Մաշալյանը: Հրամանագրով պետությունը պաշտոնապես ամրագրում է այս հանգամանքը և չեղյալ հայտարարում 2010 օգոստոսի 18-ին ընդունված որոշումը, որով հասարակական վայրերում սքեմ կրելու թույտվությունը տրվում էր  պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Նշենք, որ Թուրքիայում հասարակական վայրերում սքեմ կրելու իրավունք է տրվում միայն եկեղեցու տվյալ պահի առաջնորդին: Պետության կողմից նման արտոնության տրամադրումն ընկալվում է որպես կատարված ընտրության պաշտոնական հաստատում:

Lragir.am,
23-08-2019 17:16