Զարգացումն այն ժամանակ էր, երբ մարդն իր մտքի մեջ փոխվեց, սկսեց երազել, տեսավ, որ հնարավոր է, սկսեց հավատալ

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Պարոն Ղուկասյան, տեղյակ ենք, որ վարչապետը ձեզ նշանակելով իր խորհրդական, խնդիր է դրել, որ Կալավան գյուղի զբոսաշրջության զարգացման օրինակը պետք է տարածեք նաև Հայաստանի այլ համայնքների վրա: Որտեղի՞ց եք սկսելու, ինչպե՞ս եք պատկերացնում այդ աշխատանքը: Ընդհանրապես նախքան այս հարցին անցնելը պետք է վերլուծել ամեն ինչ, քննարկումներ պետք է արվեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, մարզպետների, համայնքների ղեկավարների հետ: Ես Կալավանի մասին 100 տոկոսանոց ինֆորմացիա ունեի: Իմ պատկերացումն այն է, որ անպայման չէ, որ բոլոր համայնքները Կալավանի պես զարգանան: Այն ճանապարհը, որով անցել է Կալավանը, դաժան է եղել, դա մի գործընթաց էր, երբ քո դեմ են բոլորը: Այն խնդիրները, որոնց մենք բախվում էինք անընդհատ, այդ նույն խնդիրները հիմա գոյություն ունեն բոլոր համայնքներում: Իմ նշած քննակումներից հետո պետք է հենց այդ խոչընդոտները վերացնենք, խոչընդոտող մարմիններից դրանք վերածենք աջակցող մարմինների: Մեր շեշտադրումը դա է լինելու, որովհետև ըստ էության խնդիրը համայնքների մեջ է, տեղական ինքնակառավարման մարմինների մեջ է: Մենք բոլորս էլ գիտենք, որ սովորաբար համայնքների բնակիչների առաջ քաշած խնդիրների 95 տոկոսը կարելի է լուծել տեղում, և միայն 5 տոկոսը պետք է լուծվի ավելի վերին օղակներում: Բայց հիմա մեզ մոտ հակառակն է, խնդիրների 95 տոկոսի լուծումներն են մարդիկ փնտրում վերևներում: Այսինքն՝ խնդիրը ներքևում է, ոչ թե վերևում: Զարգացման ի՞նչ ներուժ ունեն մեր համայնքները, և ինչի՞ պատճառով է արգելակվել զարգացումը, կարծես պատճառների մի մասն ասացիք: Կառավարում և կազմակերպում, սրա բացակայության հետևանքով չեն զարգացել համայնքները: Բոլոր ռեսուրսները կան: Ես երկար տարիներ Արաբական միացյալ էմիրություններում եմ եղել, տեսել եմ, թե ինչպես են սևացած ժայռերի մեջ մարդիկ տնտեսություն զարգացնում, մենք բողոքելու տեղ չունենք: Մեր հողն էլ է լավը, էլ չեմ խոսում մարդկային ներուժի մասին, մեր մարդկային ներուժը ֆանտաստիկ է: Մեր ժողովուրդը չափազանց գրագետ ժողովուրդ է: Այդ բոլորը կա, այսինքն՝ մեզ մնում է կազմակերպել ու գործել: Ներկա իշխանության պայմաններում նախկին խոչընդոտները չե՞ն կարող լինել: Որպես Կալավանի Ռոբերտ՝ կասեմ, որ հիմա զարգացման հնարավորությունները կան: Ես դեռ որպես վարչապետի խորհրդական մի քանի օր եմ աշխատում, ինչ կարծիք էլ հայտնեմ, կլինի նախնական: Դեռ մի քանի հոգու հետ եմ հասցրել հանդիպել՝ վարչապետի, նրա օգնականի, մի քանի հոգու հետ: Դեռ ծանոթ չեմ, թե համակարգը ներսից ինչպիսին է: Մի քիչ կաշխատեմ ու կհասկանամ, թե ինչ խնդիրներ կան, ինչն է շատ լավ: Բայց ես խոչընդոտներ չեմ տեսնում: Պետք է դեռ հասկանալ, թե որ օղակներն են, որ թույլ են աշխատում, որ օղակների պատճառով է, որ զարգացումը կանգնում է: Ես ճի՞շտ եմ հասկանում, որ ընդհանուր կոնցեպտը հետևյալն է՝ համայնքների զարգացումը պետք է լինի՝ հիմնվելով տեղի բնակչության ներուժի վրա: Այո, ամեն ինչը տեղում պետք է լինի, այնպես չէ, որ հիմա այդ ներուժը չկա, ուղղակի կազմակերպիչ չկա: Համայնքները շատ նման են խոհարարությանը: Պատկերացրեք, մենք խոհանոցում բոլոր կոմպոնենտներն ունենք լավ ճաշ եփելու համար, բայց չունենք խոհարար: Մեկն այդ ամենից կարող է պատրաստել շատ լավ ճաշ, մյուսը՝ շատ վատ: Մենք այսօր տեղական մակարդակով խոհարարների կարիք ունենք: Հեղափոխությունից հետո շատ է խոսվում այն մասին, որ բոլոր խնդրների լուծումը թողնվել է Նիկոլ Փաշինյանի վրա: Այսինքն՝ մեկ մարդն աշխատում է բոլորի փոխարեն: Ձեր ասածը հենց այդ մասի՞ն է: Այո, կա այդ միտումը, բայց խնդիրը Փաշինյանի մեջ չէ: Մեր բնակչության մեծ մասը հենց անձի վրա է կենտրոնացված ու անձի հետ է հույս կապում: Բայց ես չեմ կարծում, որ դա մեր այսօրվա վարչապետից է, դրան համակարգային լուծում պետք է տրվի, ժամանակ է պետք: Երբ ասում եմ՝ խնդիրների 95 տոկոսը տեղում պետք է լուծվեն, դա նկատի ունեմ: Մեզ մոտ խնդիրների 95 տոկոսը հասնում են մինչև վարչապետ: Ես վստահ եմ, որ վարչապետին հիմա նամակներ են գալիս՝ լույսի փողերը չենք կարողանում մուծել, էլեկտրիկը եկել ու անջատել է, նման այլ խնդիրներով: Այնինչ, ժամանակը շատ սուղ է, լուրջ հարցեր պետք է գնան վարչապետի մոտ: Ընդհանրապես զբոսաշրջության զարգացման հարցում հաջողության հասնելու համար պետությունն ի՞նչ նպատակ պետք է դնի իր առաջ: Օրինակ՝ տարիներ շարունակ խոսում էին այն մասին, որ պետք է հասնել նրան, որ տարեկան 3 մլն զբոսաշրջիկ գա Հայաստան: Ես Հայաստանի մասշտաբով թվերի վերլուծություն դեռ չեմ արել: Ինչ վերաբերում է Հայաստանի տուրիզմի ապագային, մենք իրականում շատ հետաքրքիր երկիր ենք: Ես մնում եմ իմ կարծիքին՝ մեր ամենաուժեղ կողմը դա մարդկային ներուժն է: Մենք տեսակով ենք հետաքրքիր, մեր խելքը, մեր կողմից ստեղծված պրոդուկտները, որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանի հետ: Զբոսաշրջիկին այսօր հետաքրքիր է մեր կենցաղը, մշակույթը: Աշխարհում կան շատ թանկարժեք ու գեղեցիկ վայրեր, ֆանտաստիկ գեղեցիկ բնություն, և մենք պետք է միշտ մտածենք լինել առաջատար, միակը, ունիկալը: Իսկ մեզ ունիկալ ենք դարձնում հենց մենք ինքներս: Մենք ունենք հարուստ պատմություն, պատմամշակութային հզոր ժառանգություն: Կարծում եմ՝ մենք էլ ենք հետաքրքիր, ո՞նց կարող էին մեր պապերը շատ լավը լինեին, մենք՝ չէ: Մենք ինքներս մեզ պետք է գնահատենք՝ որպես ունիկալ ազգ: Մենք պետք է շեշտը դնենք մեր կրթության, գիտության, էության վրա: Ի՞նչն է գրավում զբոսաշրջիկին Կալավանում, միշտ հարցադրում է հնչում, թե ինչո՞վ գրավեց այդ փոքր գյուղը մարդկանց, որտեղից բնակչության մի մասն արտագաղթել էր: Ասում էին՝ ի՞նչն է զարգացած, շենքեր չկան, ռեստորաններ չկան, դա ցավոտ խնդիր էր: Բայց մենք մտածելակերպն էինք փոխել, միջավայրն էինք փոխել: Հիմա կա այդ ամենը, նախորդ տարի 500 հազար դոլար կապիտալ ներդրումներ արվեցին փոքրիկ գյուղում, որից գրեթե կեսը համայնքի բնակիչների անձնական ներդրումներն էին: Բայց այնպես չէ, որ դա էր զարգացումը: Զարգացումն այն ժամանակ էր, երբ մարդն իր մտքի մեջ փոխվեց, սկսեց երազել, տեսավ, որ հնարավոր է, սկսեց հավատալ: Այսօր Հայաստանում միջոցը դարձրել ենք նպատակ, նպատակ կա մեքենա, հեռախոս ունենալ, բայց դրանք բոլորը միջոցներ են, որոնք մեզ պետք է հասցնեն մեր նպատակին: Դեռ նախկին իշխանության օրոք հայտարարեցիք, որ օլիգրախներին չեք թողնելու մուտք գործեն ու բիզնես ծավալեն Կալավանում: Ինչո՞ւ, որովհետև նրանք փչացնո՞ւմ են ամեն ինչ: Այո: Համայնքային կայուն զարգացումն ու չոր բիզնեսը, մոնոպոլիան իրար հակասող են: Ինչպես անտառահատումն ու էկոտուրիզը չեն կարող միասին գոյատևեն, նույնն այստեղ է: Համայնքային զարգացումը ենթադրում է բիզնես, բայց այստեղ սոցիալական ուղղվածություն պետք է լինի, հավասարության սկզբունք: Մենք գնում ենք Մերձավոր Արևելքի մշակույթի հետքերով, երբ կա շատ հարուստ մարդ, և իր կողքը կա գյուղ, որը սպասարկում է այդ հարուստին: Բայց մյուս կողմից կան երկրներ, հատկապես եվրոպական, որտեղ դու քեզ լավ ես զգում, երբ շուրջդ բոլորն իրենց լավ են զգում: Մենք պետք է ընտրենք, չենք կարող ունենալ մեկ հարուստ՝ իր շուրջը բազմաթիվ աղքատներ, որոնք սպասարկում են նրան: Բիզնեսում էլ սա պետք է կանխել, այնպես անել, որ մեր շուրջն ապրող բոլոր մարդիկ լավ ապրեն, որ միջավայրը փոխվի: Տարեկան քանի՞ զբոսաշրջիկ կարող է ընդունել Կալավանը: Մենք փորձում ենք խուսափել զբոսաշրջային կազմակերպությունների հետ համագործակցությունից, որովհետև Կալավանի ապագան մենք տեսնում ենք գիտության ու կրթության մեջ: Գիտական տուրիզմն ենք զարգացնում, երկարաժամկետ մեծ արշավախմբեր են գալիս, կրթական ծրագրեր ենք իրականացնում: Կալավանի համար զանգվածային տուրիզմը կավերի այդ գողտրիկ անկյունը: Մեր լիմիթը տարեկան 2500 տուրիստ ընդունելն է, հնարավոր է այդ թիվը 5000 դառնա, բայց դա պետք է լինի մաքսիմում քանակը: Այս պահին հնագիտական մեծ արշավախումբ է աշխատում Կալավանում, մոտ մեկ ամիս 20 հոգով աշխատելու են: Մասսայական տուրիզմի կարիք ունի Ճամբարակը, որը շատ աղքատ քաղաք է, բայց ունի ենթակառուցվածքներ: Մասսայական տուրիզմի համար քաղաքային ենթակառուցվածքներ են անհրաժեշտ, փոքրիկ գյուղը ոտնատակ կանցի, սա շատ դժվար էր հասկացնել տուրիզի ոլորտի մարդկանց: Գլխավորը պետք է լինի համայնքի շահը: Շատ մեծ արագությամբ է աճում Կալավան գալու ցանկություն ունեցող զբոսաշրջիկների թիվը, մենք նույնիսկ զսպող մեխանիզմներ ենք կիրառում, որպեսզի համայնքը պատրաստվի դրան: Անպատրաստ համայնքին գումար տալն ավելի վտանգավոր է, քան չտալը: Մենք գիտենք, թե վերջին 30 տարիներին ինչքան ծրագրեր են իրականացվել գյուղերում, բայց ոչ մի առաջընթաց չի եղել:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
23-08-2019 20:56