Բաքուն շտապում է. ինչ է ասելու Հայաստանի վարչապետն ԱՄՆ-ում

Ադրբեջանական մամուլը հայտնել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մոտ ժամանակներս տեղի ունենալիք հանդիպման մասին, հղում անելով ԵԱՀԿ մամուլի ծառայությանը: Կազմակերպությունը նշել է, որ հանդիպման մասին հայտարարվում է դրանից մի քանի օր առաջ: Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով վերջին հանդիպումը տեղի ունեցավ հունիսին՝ Վաշինգտոնում, որից առաջ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ միջազգային հանրությունն արգելում է պատերազմել: Մինչ այդ Բաքուն գնաց սահմանի լարվածության, ինչը հանգեցրեց զոհերի: Հայկական կողմը հայտարարեց Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին, հայտարարելով նաեւ, որ լարվածությունը հստակ գերակայություն է հաղորդում վաշինգտոնյան հանդիպման օրակարգին: Վաշինգտոնի հանդիպումից հետո իրավիճակը վերադարձավ համեմատական կայունության տիրույթ, թեեւ հետագա շաբաթներին դարձյալ եղան լարվածության պահեր, մասնավորապես արդեն Տավուշի ուղղությամբ: Ադրբեջանն օրեր առաջ հայտարարեց նոր դիրքեր վերցնելու մասին, ինչը հայկական կողմը ոչ միայն հերքեց, այլ հայտարարեց 140 հեկտար տարածք վերահսկողության տակ վերցնելու, նոր դիրքեր դուրս գալու եւ այդպիսով ընդհուպ հայ-վրացական գազատարը վերահսկողության տակ վերցնելու մասին: Քաղաքական տիրույթում մինչ այդ տեղի ունեցավ նշանակալի իրողությունը՝ Հայաստանի վարչապետի ելույթը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, համահայկական օրակարգի մասին, ինչն այլ բան չէր, քան հարցադրում՝ համայն հայությունը կայացնու՞մ է պատերազմի արդյունքը պահելու որոշում եւ իրականացնու՞մ է այն ամենօրյա կոնսոլիդացված աշխատանքով, թե՞ ոչ: Բանակցության նպատակը  պետք է լինի արցախյան շարժման եւ պատերազմի արդյունքի պաշտպանությունը, Ստեփանակերտում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, առաջարկելով վերջ դնել «հող հանձնելու» փոխադարձ մեղադրանքներին: Ստեփանակերտի ելույթին Բաքուն արձագանքեց համանախագահներին ուղղված կոչով՝ գնահատական տալ բանակցությանը սպառնացող ելույթին: Այդ կոչը սակայն մնաց անպատասխան, ինչը համանախագահների բավական խոսուն պատասխան է Բաքվին: Ադրբեջանն ըստ երեւույթին շտապում է նախարարների մակարդակի հանդիպման, հարցը քննարկելու համար: Սակայն, դատելով ԵԱՀԿ արձագանքից՝ համանախագահները չեն շտապում: Չի շտապում նաեւ հայկական կողմը: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ նախարարների մակարդակով հանդիպումների մասին հայտնում են, երբ լինում է դրանց վերաբերյալ հստակ պայմանավորվածություն: Նախարարների մակարդակով հանդիպում դեռեւս Վաշինգտոնի հանդիպումից հետո սպասվում էր սեպտեմբերին՝ Նյու Յորքում Գլխավոր Ասամբլեայի շրջանակում: Հայտնի է, որ այդ օրերին ԱՄՆ մեկնելու է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կլինի՞ վարչապետի ելույթ ՄԱԿ ամբիոնից, եւ արդյոք այդ ելույթը կկրի ստեփանակերտյան ելույթի շունչը: ԱՄՆ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ազդարարել նաեւ Գլենդելում՝ հայ համայնքի հետ մեծ հանդիպմանը: Այդ իրողություններին ընդառաջ սակայն շատ կարեւոր է, թե ինչպիսի ներքաղաքական իրավիճակում ԱՄՆ կմեկնի Նիկոլ Փաշինյանը: Ավելի կոնկրետ՝ Ամուլսարի խնդրի ինչ վիճակում, որովհետեւ անկասկած է, որ այս օրերին եւ թերեւս առաջիկայում հենց դա է լինելու ներքաղաքական իրողությունների մեխը, այն վարչապետի դեմ սրելու ակնառու քաղաքական փորձերով: Միաժամանակ, Ամուլսարի հարցը հայ-ամերիյան երկխոսության օրակարգի բաց մաս է դեռեւս նախորդ իշխանությունից, եւ ԱՄՆ դիվանագետները հարցը բարձրացրել են նաեւ նոր իշխանության առաջ: Այդպիսով կարեւոր է դառնում, թե ներքին ի՞նչ վիճակ է լինելու Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցի թիկունքում եւ այն ինչ ազդեցություն է թողնելու այն տեքստերի վրա, որ պետք է հնչեն այցի ընթացքում: Էականն այստեղ այն է, որ այդ տեքստերը չպետք է կրկնեն իհարկե Ստեփանակերտի ելույթը, բայց թե հայկական, թե արտաքին քաղաքական շրջանակում չեն կարող չլինել այդ ծիրի մեջ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
23-08-2019 22:36