Ես տեսել եմ ջերմուկցիների վճռականությունը, մենք նրանց կողքին ենք

Մեր զրուցակիցն է Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը Երեկ հանդիպել եք Նիկոլ Փաշինյանին: Այսօր գրեցիք, որ Ամուլսարը հանք չի դառնալու, Հայաստանը դրանից շահելու է առողջությո՛ւն, բնությո՛ւն, ժողովրդավարությո՛ւն, մաքուր տնտեսությո՛ւն, ինքնուրույնություն: Ձեր հիմնավորումները ներկայացրի՞ք վարչապետին: Այո, իհարկե ներկայացրել ենք: Ըստ էության, քաղաքական հարցերի ամբողջ սպեկտրից հանգամանալից քննարկել ենք միայն Ամուլսարի հարցը: Հանդիպումն, իհարկե, պաշտոնական չէր, կրում էր անձնական բնույթ: Կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ՝ պարզել արդյոք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում: Վարչապետի այս քայլը պայքարի արդյո՞ւնք է: Չեմ կարող վստահ ասել, թե ինչի արդյունք է: Այ, որ հանքի շահագործման հարցը վերջնականապես փակվի, դա կլինի պայքարի արդյունք և առաջին հերթին՝ ջերմուկցիների պայքարի արդյունքը, որոնք մեկ տարուց ավել փակ են պահում հանքի ճանապարհները: Շրջակա միջավայրի նախարարությունից դուք այլ ակնկալիքներ ունե՞ք, երբ մինչև այս պահը չկա նախարարից որևէ արձագանք խնդրի հետ կապված: Որքան ես եմ տեղեկացված, նախարարն արձակուրդում է: Այո, ես ակնկալիք ունեմ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացուց՝ կայացնել պետության երկարաժամկետ շահին միտված որոշում: Թե երկարաժամկետ կտրվածքով ինչ կշահի Հայաստանը հանքի փակումից, նշված է առաջին հարցում: Եվ առաջին հերթին այդպիսի ակնկալիքները պետական պաշտոնյաներից են՝ սկսած վարչապետից, մինչև ՇՄ նախարարության ոլորտային բաժնի աշխատակիցը: Ամուլսարի հանքը չի շահագործվելու: Ես տեսել եմ ջերմուկցիների վճռականությունը, մենք նրանց կողքին ենք: Նրանց հետ զրուցելիս որևէ մեկի մտքով չի կարող անցնել, որ Ամուլսարը հանք կդառնա: Վարչապետն այսօր մեկնել էր Ջերմուկ: Ինքը կարող է համոզվել դրանում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
23-08-2019 23:06