Սիրիայում փոխվում են ռազմախաղի կանոնները

23-08-2019 23:59

Իդլիբի շրջանը կամ ընդհանրապես սիրիական տարածքները ահաբեկչազերծելու ռազմական գործողությունների շղթայազերծումը Սիրիայում նոր իրավիճակ է ստեղծում: Ընթացող ռազմական գործողությունները, որոնք հատկանշվում են թե՛ օդուժի հարվածներով եւ թե՛ ցամաքային տեղաշարժերով, ըստ էության բացատրվում են Սիրիայի տարածքային ամբողջականության Դամասկոսի կողմից հսկողության վերականգնման միտումներով: Պարզ է սակայն, որ նման լայնածավալ գործողությունը չի իրականացվի սիրիական պաշտոնական ուժերի կողմից առանց մեծ դաշնակցի հովանավորչության, ուղղակի մղման․ քաղաքական տրամաբանությամբ` նույնիսկ նախաձեռնության: Այլ խոսքով, ռուսական ռազմական որոշումը իրականացվում է սիրիական ուժերով եւ որն ընթանում է Իդլիբում ահաբեկչության դեմ պայքարի վճռական բնույթի համոզումը փոխանցելով: Տվյալ շրջանի ահաբեկիչների խմբավորումները տարբաղադրական մոտեցման ենթարկելիս, նկատվում է, նրանց  պետական միջավայրերի ֆինանսավորումը, աջակցությունն ու հովանավորչությունը՝ ազդեցության գոտիների պահպանման պատերազմի ուժերի հարաբերակցության կարեւոր գործոնի համատեքստում: Իհարկե, դժվար չէ ենթադրել, որ խոսքը ուղղակիորեն Անկարայի մասին է, որ Իդլիբի ահաբեկչական գործոնը շահարկում է անվտանության գոտու ստեղծման իր առաջնային նպատակը իրականցնելու՝ հյուսիսային ուղղությունների վրա: Անկարայի շահարկած այս գործոնի չեզոքացման վճռական փուլի մասին է խոսքը, որի մեկնարկման կանաչ լույսը վառել է Մոսկվան: Մինչ, Վաշինգտոնը իը «այո-ոչ»-ի պարանաձգության խաղին է ներքաշել Անկարային` անվտանգության գոտու (չ)ստեղծման առաջադրանքով: Թեհրան-Անկարա-Մոսկվա նոր հանդիպման հայտարարության վերաբերող պաշտոնական լրատվությունները չեն հաջողում փարատել հատկապես Մոսկվա-Անկարա մերձեցման եւ Սիրիայի տարածքում համաձայնեցված գործողություններ իրականացնելու ռազմավարական պայմանավորվածությունների ընթացքը: Իդլիբը փաստորեն շրջում է այդ կարգը եւ խախտում սիրիայական ռազմադաշտում մինչ այժմ երեւացած ռազմախաղի կանոնները: Խախտված կանոնների մասին է վկայում պաշտոնական Անկարայի այն հրապարակումը, որ Թուրքիայի նախագահը մտադիր է առաջիկա օրերին իր ռուս պաշտոնակցի հետ հեռախոսազրույց ունենալ, քննարկելու համար Իդլիբի զարգացումները եւ թուրքական զինվորական շարասյունի ռմբակոծման հարցը: Սիրիայում ռազմական համաձայնեցված գործողությունների, ինչպես նաեւ ռազմավարական գլխավոր առանցքների շուրջ համագործակցող կողմերի իրականացնելի գործողություններին լրատվությունն անհամապատասխան է: Անկարան փաստորեն գետին է կորցնում. Սիրիայում ահաբեկչազերծման նպատակով իրականացվող գործողությունները ոչ միայն չեզոքացնում են Անկարայի շահարկման ռազմական գործոնները, այլ նաեւ հարվածում Սիրիայում տեղակայված թուրքական հենակետերին: Մինչ, Անկարային չի թույլատրվում իր դեմ սպառնալիք նկատվող քրդական հենակետերի չեզոքաքումը նպատակադրած գոտիների ստեղծումը կամ ընդհանրապես վճռական գործողությունների ձեռնարկելը: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Lragir.am,
23-08-2019 23:59