Արտահերթ ընտրություն. ինչ կորոշի վարչապետը

Կհասնի՞ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրության, թե՞ ոչ: Խնդրի դիտարկումներում հարցը ամենից հաճախ հնչողներից է: Այդ կապակցությամբ հնչում են նաեւ տարբեր կարծիքներ: Մի բան հստակ է, որ այդ հարցի պատասխանը կապված է Ամուլսարի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջնական որոշումից եւ իրագործումից: Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանն օրինակ կարծում է, որ Ամուլսարի պահապանների նկատմամբ ուժի կիրառումը կհանգեցնի քաղաքական քաոսի: Դե, եթե լինի քաղաքական քաոս, ապա դրանից դուրս գալու նվազագույն տարբերակի առումով արտահերթ ընտրությունը կդառնա անխուսափելի: Իսկ կարո՞ղ է լինել Ամուլսարի հանքի շահագործման որոշում, որն իրագործվի առանց ուժի կիրառման: Քիչ հավանական է: Հավանականությունը քիչ է այն պատճառով, որ հարցի ձնագունդը անցնող տարվա ընթացքում գլորվել է բավականին, իր վրա հավաքելով ոչ միայն հարցին առնչվող, այլ նաեւ չառնչվող ահռելի զանգված: Վարչապետ Փաշինյանը նախօրեին այցելել է Ջերմուկ եւ սարին հարակից այլ համայնքներ: Հանրության հետ ուղիղ շփումը համենայն դեպս տեսանելիորեն չի բերել ուժերի եւ կարծիքների հարաբերակցության փոփոխության: Փոխվե՞լ է ինչ որ պատկեր Նիկոլ Փաշինյանի մոտ: Դեռ պարզ չէ: Բայց, եթե հանքի շահագործման որոշումը իրագործվի՝ ինչի առնվազն նախնական մտադրության մասին վարչապետը հայտարարել էր Ջերմուկ մեկնելուց առաջ, ապա կարող է չստացվել խուսափել ուժի կիրառումից: Թե այն պատճառով, որ Ամուլսարի ճանապարհը փակողները հաստատակամ են եւ անզիջում՝ համենայն դեպս առայժմ եւ գոնե առերեւույթ, եւ թե այն պատճառով, որ նրանց շուրջ հանրային որոշակի մոբիլիզացիա կապահովեն միանգամից մի շարք քաղաքական ուժեր՝ թե նախկին իշխանական, թե նաեւ այլ արտախորհրդարանական: Որովհետեւ այս կետում առնվազն ձեւավորված է Ռոբերտ Քոչարյանի ասած՝ «կոնսենսուս մինուս մեկ» տարբերակը, եւ Ամուլսարի հարցում քաղաքական ուժերի դիրքավորման տեսանկյունից կառավարող ուժը իր առնվազն նախնական մտադրության դիրքում մենակ է: Իսկ եթե ճանապարհը փակող խմբերին միանան նաեւ տարբեր քաղաքական ուժերի «գործուղած» քաղաքացիներ, ապա այստեղ թիվը կարող է հասնել մի քանի հազարի: Ուժի կիրառումը կդառնա անխուսափելի: Իշխանությունը կամ պետք է հրաժարվի հանքի շահագործման որոշումից՝ եթե իհարկե վերջնականապես եկած լինի դրան, եւ այդ դեպքում իր վրա կվերցնի արտաքին ֆինանսա-քաղաքական մեծ ռիսկը, կամ գնա ուժային լուծման: Եվ այդտեղ, արտահերթ խորհրդարանական ընտրության տարբերակը տեսականից կարող է դառնալ քաղաքական-հասարակական ճգնաժամից խուսափելու գործիքակազմի հնարավոր բաղադրիչ՝ հենց իշխանության նախաձեռնությամբ, որպես այսպես ասած «անվտանգության բարձիկ»: Այդ բաղադրիչի անհրաժեշտության դեպքում արտահերթ ընտրությանը նոր 50+ հաղթանակի խնդիր կառավարող ուժը չի ունենա: Այլ հարց է, թե ինչ թիվ կլինի այդ պլյուսից հետո:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
24-08-2019 15:26