1151-Ն հատուկ որոշումը. Դավիթ Հարությունյանն այդքան միամիտ չէ, ինչքան ձևանում է

Lragir.am-ի զրուցակիցն է «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը Պարոն Բաղդասարյան, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Երևանի կենտրոնի իրացման գործընթացում ու դրան հաջորդած ՀՀ դեմ ՄԻԵԴ որոշումների կայացման հարցում իր պատասխանատվության ու մեղքի բաժինը չի տեսնում: Վերջերս Բյուզանդի փողոցի նախկին բնակիչ Յուրի Վարդանյանի գործով ՄԻԵԴ-ն աննախադեպ վճիռ կայացրեց՝ ՀՀ կառավարությանը պարտավորեցնելով 1.6 մլն եվրո փոխհատուցում տրամադրել Վարդանյանի ընտանիքին: Դավիթ Հարությունյանն ասում է, որ այս գործերն իր հետ քիչ աղերս ունեն, ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Դավիթ Հարությունյանն է ապահովել բոլոր իրավական հիմքերը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը իրացման գոտիների բնակիչների հաշվին հարստանար: Ես պարոն Դավիթ Հարությունյանի փոխարեն ամոթ եմ զգում, որովհետև տղամարդն իրավունք չունի այդպես վարվել: Ես փաստերով կներկայացնեմ Դավիթ Հարությունյանի խոսքերն ու արարքները, կապացուցեմ, թե ինչ հանցագործություն է կատարել անձամբ Դավիթ Հարությունյանը: 2005 թվականին նա հարցազրույց է տվել Ա1+ լրատվական կայքին: Լրագրողի հարցին, թե՝ դուք երբևիցե խախտե՞լ եք Սահմանադրությունը կամ օրենքը, նա պատասխանել է՝ կարծում եմ՝ այո, անսխալ չեմ: Հարցին, թե՝ իսկ երբ պետական պաշտոնյան խախտում է Սահմանադրությունը, դա անում է չարամտորեն, թե՞ անգիտակցաբար: Նա պատասխանել է՝ և-և, կարծում եմ՝ երկու պատճառն էլ առկա են: Իսկ դո՞ւք, հարցնում է լրագրողը: Դավիթ Հարությունյանը պատասխանում է՝ որպես կանոն գիտակցում եմ, որ խախտում եմ կատարել: Այսինքն՝ ուզում եք ասել, որ իրացման գոտիների հարցում նա գիտակցաբար խախտո՞ւմ է արել: Ես իզուր չասացի, որ այս հարցազրույցը 2005 թվաանին է հրապարակվել: Ես ձեռքիս տակ ունեմ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, բերել եմ, որ ընթերցեմ Դավիթ Հարությունյանի համար: Սահմանադրական դատարանը 1998 թվականին կայացրել է մի որոշում՝ սեփականության իրավունքի վերաբերյալ: ՍԴ որոշան համաձայն՝ «Անձի սեփականությունը ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի (այն ժամանակ գործող) նախատեսված հիմքերով կարող է օտարվել: Իսկ նրա համաձայնության բացակայության դեպքում՝ պետության կողմից սեփականության իրավունքը կարող է դադարեցվել միան կոնկրետ անշարժ գույքի վերաբերյալ օրենք ընդունելու միջոցով, որում կհիմնավորվի օտարման բացառիկ կարևորությունը ու նշանակությունը և կնշվի, թե օտարվող անշարժ գույքը հասարակության և պետության որ կարիքների բավարարմանն է ուղղվելու»: Սա կարող էր չիմանալ «ուչաստկովիի» հոգեբանությամբ Ռոբերտ  Քոչարանը, բայց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը սա անգիր գիտեր: Արդյոք նրանք տեղյակ չէին, որ խախտում են Սահմանադրությունը: Ես գտնում եմ, որ Սահմանդրություն խախտող անձը հանցագործ է: Նման դեպքերում պատիժը պետք է լինի ավելի խիստ, որովհետև այդ խախտումը ծանր հետևանքներ է ունենում: Ռոբերտ Քոչարյանը խախտել է ՀՀ Սահմանադրությունը, բայց նրան մեկ այլ գործով է միայն մեղադրանք առաջադրված: Այսինքն՝ այս գործերն  այսօր պետք է քննության առարկա՞ դառնան: Ես գտնում եմ, որ այս գործն անպայման պետք է քննվի, քրեական գործ պետք է հարուցվի, քանի որ այս միտումնավոր խախտման հետևանքում ՀՀ-ն կրել է բավական մեծ ֆինանսական վնասներ: Նրանց արածների հետևանքով հազարավոր ընտանիքներ ընկան փողոցները: Իրացման գործընթացում մեծ դերակատարություն է ունեցել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Երբ ժամանակին դիմեցին Զախարյանին ու ասացին, որ հակասահմանադրական է, ինչո՞ւ են նման գործընթաց սկսել, նա նամակ ուղարկեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ գրելով. «Հայտնում եմ, որ նշված իրավական ակտերի նախագծերն ու վերջիններիս փոփոխությունները, նախքան ՀՀ կառավարության կողմից ընդունվելը, սահմանված կարգով ու ժամկետներում ՀՀ արդարադատության նախարարության կողմից ենթարկվել են պետական իրավական փորձաքննության, որով և հաստատվել էվերջիններիս համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»: Խոսքը գնում է ՀՀ կառավարության՝ 1151-Ն որոշման մասին, որն ընդունվել էր 2002 թվականին և ենթադրում էր, որ պետական կարիքի համար Երևանի կենտրոնի բնակիչներից 345 հազար քմ տարածքը պետք է վերցվեր: Այս 1151-Ն որոշումը, որով արդարադատության նախարարությունը կատարել է փորձաքննություն ու եզրակացրել, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, զարկ տվեց նաև մյուս գործընթացներին՝ Գլխավոր պողոտա, Կոզեռն, Կոնդ, 33-րդ թաղամաս: Երբ ասում են, որ դատավորները պետք է իրենց գրպանից վճարեն փոխհատուցումը, ես դրան դեմ եմ: Բացատրեմ՝ ինչու: Դատավորները կատարել են որոշում: Այս 1151-Ն որոշումը հատուկ էր ընդունվել: Դավիթ Հարությունյանն այդքան միամիտ չէ, ինչքան ձևանում է: Այս որոշումը հատուկ ընդունել էին, որպեսզի դատավորներին հնարավորություն տան հղում անել դրա վրա: Ես ուսումնասիրել եմ բոլոր վճիռները, քաղաքացիական գործերով չկար մի դատավոր, ով այս գործերի հետ առնչություն չունենար: Այսինք՝ իրենց պետք էր, որ բոլոր դատավորները թաթախվեին այդ կեղտի մեջ: Եվ իրենց վճիռների մեջ դատավորները հղում են կատարել այս որոշմանը: Դատավորներին կանչել են, ասել են՝ սա ձեզ ուղեցույց, գնացեք սրանով որոշումներ կայացրեք: Մենք վերջերս ականատես եղանք դեպքի, երբ հարձակում գործադրեցին Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա: Նա որդու հետ վնասազերծեց հանցագործներին: Ես նայում էի այդ կադրերն ու մտածում՝ երանի չէր, որ պարոն Մկրտումյանն այսպիսի եռանդով պաշտպաներ նաև Երևանի կենտրոնի բնակիչների իրավունքները, անզեն դուրս գար ու դիմադրություն ցուցաբերեր զնված մարդկանց: Դու քո սեփականությունը պաշտպանում ես, բայց դատարանում դատում ես իրենց սեփականությունը պաշտպանող մարդկանց: Ես այս գործընթացը մեծ խուլիգանություն եմ որակում: 2004 թվակիանին ՀՀ կառավարությունն ընդունեց 909-Ն որոշում, ըստ որի Գլխավոր պողոտայում առանց մրցույթի հողամասեր տրամադրվեցին կառուցապատողներին՝ հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը: Ինչո՞ւ էր Երվանդ Զախարյանը միջնորդում, շահ ունե՞ր: Անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ առանց մրցույթի: Ըստ որոշման՝ «Ավատ-Տուր» ՍՊԸ-ն պետք է իրացներ Բյուզանդի 23-15 հասցները: Այդ տարածքում էր գտնվում նաև Յուրի Վարդանյանի գույքը: Սակայն «Վիզկոն» ՍՊԸ հինադիր Պավել Անդերսոնը հայտարարեց, որ 550 հազար դոլար կաշառք տալով Երվանդ Զախարյանին, տիրացավ տարածքին: Կառավարության որոշումից մի քանի ամիս անց Երվանդ Զախարյանն իր որոշումն ընդունեց՝ տարածքը տալով «Վիզկոն» ՍՊԸ-ին: Սա խախտում էր, Երևանի քաղաքապետն ինչպե՞ս կարող էր կառավարության որոշում փոխել: Կաշառքների մասին հայտարարությունների դրվագին անդրադառնալով՝ Դավիթ Հարությունյանն ասում է՝ մեկ բան է լրագրողի հրապարակումը, այլ հարց է, եթե քննություն ընթանար այդ գործերով: Իսկ ինչո՞ւ քննություն չեն իրականացրել, ինչո՞ւ հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Պավել Անդերսոնը պաշտոնապես հայտարարել է, որ Արմեն Գևորգյանի պնդմամբ  ինքը 100 հազար դոլար փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Արմեն Գևորգյանը Պավել Անդերսոնին ասել էր՝ մենք տեղյակ ենք, որ դու դատավորներին կաշառք ես տալիս: Անդրեսոնն ասել էր, որ դատավորներին կաշառք էր տվել, և ցանկացել էր 200 հազար դոլար կաշառք տալ Արման Մկրտումյանին: Արդյոք պե՞տք է այս անձանց մասով, ում անունները շոշափվում է կաշառքի գործով, քննություն տարվի: Իհարկե, պետք է քննություն տարվի: Արման Մկրտումյանի մասով քննություն տանել պետք չէ, քանի որ նա միայն ցանկացել է այդ գումարը, բայց չի ստացել: Արդարադատության նախկին փոխնախարար, Հրայր Թովմասյանի տեղակալ Ռուբեն Մելիքյանն էլ ՄԻԵԴ որոշման հիման վրա ինձանից փող ուզեց: Եթե ես տայի, դա կաշառք էր: Այն փաստը, որ Պավել Անդերսոնը գումար է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին, մարդն ապացուցում է, նա ունի տեղեկանքը, Արմեն Գևորգյանը չի կարող սա հերքել: Դավիթ Հարությունյանը ձեզ տված հարցազրույցում ասում է՝ խնդիրը օրենքի մեջ չէ, միայն մարդկանց փոխհատուցվող գումարի չափի մեջ է: Այդպիսի մտածելակերպ կարող է ունենալ ոչ թե արդարադատության նախարարը, այլ մարմնավաճառուհին: Այսինքն՝ եթե ինձ լավ փող տան, ես ոչ միայն իմ պապական տունը կծախեմ, հայրենիքն էլ կծախե՞մ: Եթե խնդիրը փոխհատուցվող գումարի մեջ էր, ապա դուք այնպիսի պայմաններ ստեղծեիք, որ քաղաքացուն համարժեք փոխհատուցեիք: Կառավարությունը որոշում էր կայացրել, որ մեկ քմ հողը մեր տարածքում՝ Բյուզանդի փողոցում արժեր 500 դոլար: Այդ փողն իրենք կառուցապատողից վերցրել են ու յուրացրել: Բնակիչներին փոխհատուցել են մեկ քմ դիմաց 120 դոլար, շատերին ընդհանրապես չեն տվել: Օրինակ՝ Յուրի Վարդանյանի հողի դիմաց ընդհանրապես ոչինչ չեն տվել: Այդ ո՞նց եղավ, որ ՄԻԵԴ-ը ճանաչեց մարդու խախտված իրավունքը, իսկ մեր դատավորները՝ ոչ: Յուրի Վարդանյանի հողի փողը տալու էր Պավել Անդերսոնը: Ինչո՞ւ էր Անդերսոնը պատրաստվում 200 հազար դոլար կաշառք տալ Արման Մկտրումյանին, որպեսզի Յուրի Վարդանյանի փողը չտար: Իսկ ո՞վ էր նրա մեջքին կանգնած: Ես հաշվարկներ եմ իրականացրել՝ Երևանի կենտրոնի՝ Հյուսիսային և Գլխավոր պողոտաների կառուցապատողներն ստացել են գերշահույթներ: Մեկ քմ-ից նրանք մաքուր 20 հազար դոլար եկամուտ են ստացել: Դա բարդ հաշվարկ չէ, ես ժամանակին այդ հաշվարկն ուղարկել եմ և Սերժ Սագսյանին, և Տիգրան Սարգսյանին: Ոչ մի արձագանք, գուցե իմ նամակից հետո կառուցապատողներին կանչել ու ասել են՝ հլա եկամուտները կիսվեք մեզ հետ: Կառավարության որոշման համաձայն՝ այդ տարածքներում սեփականատերին գույքի ու հողի դիմաց փոխհատուցելուց զատ նաև հաշվառված անձանց յուրաքանչյուրին, եթե իրենց կամքով գնային ստորագրեին, 3000 դոլար պետք է փոխհատուցեին: Եթե արագ չստորագրեին՝ 2000 դոլար էր փոխհատուցումը: Բայց որոշում ընդունեցին, ըստ որի՝ պետական կարիքների համար հաշվառված տարածքներում քաղաքացիների հաշվառումը դադարեցվեց: Այսինքն՝ երեխան գնացել է բանակ ծառայելու, Ռոբերտ Քոչարյանն այդ որոշմամբ ասում էր՝ եթե երեխան բանակից գալիս է, նրան չգրանցեք այդ տանը: Եվ այս որոշումը խտրական էր, որովհետև ամբողջ Երևանին չէր վերաբերում, միայն պետական կարիքների համար հաշվառված տարածքներում էր կիրառվում: Կառուցապատողն այդ գումարը պետք է տար մարդկանց, բայց փաստորեն տարել կիսվել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչքան պետք է չսիրես ժողովրդիդ ու երկիրդ, որ նման բան անես: Այս որոշումները բոլորն ստորագրել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, վավերացրել է Ռոբերտ Քոչարյանը, իսկ վերջնական եզրակացությունը տվել է Դավիթ Հարությունյանը: Ես գտնում եմ, որ Դավիթ Հարությունյանի նման մարդիկ անցան-գնացին: Այսօր լրագրողներն այլևս չպետք է նրան հարցնեն՝ ի՞նչ եք կարծում՝ Վենետիկի հանձնաժողովն ինչ եզրակացություն կտա այսինչ հարցի մասին: Պետք է նրան հարցնել՝ պարոն Դավիթ Հարությունյան, ինչո՞ւ դուք Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ Վենետիկի հանձնաժողով չեք դիմել՝ խորհրդատվություն ստանալու համար:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
24-08-2019 21:54