Ինչի՞ց կզրկվի Հայաստանը. վախենալ պետք չէ, բայց խորհելը պարտադիր է

Հանրությունը փորձում է հասկանալ, թե որքա՞ն է արժենալու Հայաստանի համար Ամուլսարի հանքի շահագործման պայմանագրի արգելակումը, եթե Լիդիան ընկերությունը գնա միջազգային արբիտրաժ: Այստեղ իհարկե կան տարբեր կարծիքներ, ընդհուպ այն, որ հարցն արբիտրաժ պետք է տանի Հայաստանը: Կարծիքներն իհարկե կարող են տարբեր լինել, բայց պետությունն իր անելիքը պետք է որոշի հնարավորինս ամբողջական տեղեկատվության, ըստ այդմ ռիսկերի ամբողջական գնահատման հիման վրա: Այդ, եւ ոչ թե տարբեր շարժառիթներով հնչող կարծիքների հիմքով պետք է գնահատվի նաեւ հնարավոր արբիտրաժի դեպքում Հայաստանին սպառնացող վտանգը, կամ Հայաստանի հաղթելու հնարավորությունը: Այդ առիթով, նենգանփոխումների ծավալներն այնքան մեծ են, որ ռիսկերի գնահատման միանգամայն ռացիոնալ, անհրաժեշտ, կարեւոր իրողությունը շատերը փորձ են անում ներկայացնել եւ ասոցացնել վախի հետ: Այն դեպքում, երբ բանն ամենեւին վախը չէ, այլ իրավիճակի ամբողջական գնահատումն ու հնարավորությունների սահմանումը, հասկանալու համար, թե լավագույնից, լավից մինչեւ վատ, ու նաեւ ինչ վատթարագույնի է պետք պատրաստ լինել: Եվ այստեղ առավելապես քննարկվում է փողի չափը, թե որքան փոխհատուցում կպահանջվի Հայաստանից, քանի հարյուր միլիոն դոլար, կամ քանի միլիարդ: Ասել, որ այդ չափը կարեւոր չէ, նշանակում է չպատկերացնել Հայաստանի խնդիրները, ամենատարբեր մարտահրավերներն ու տնտեսության վիճակը: Բայց Հայաստանի միջազգային ռիսկ այդ առումով չափելի չէ միայն փողով: Ավելին, եթե բանը լիներ լոկ փողը, գուցե ամեն ինչ կլիներ շատ ավելի լավ: Բանն այն է, որ Հայաստանի ռիսկը թերեւս նույնքան բազմաշերտ է, որքան բազմաշերտ խնդիր է Ամուլսարը: Ըստ այդմ ռիսկի միայն նյութական կամ ֆինանսական չափումը ամենեւին չի կարող ամբողջական լինել: Դրա մեջ պետք է չափվի եւ Հայաստանի հանդեպ միջազգային վերաբերմունքի հարցը: Եվ այստեղ բանն անգամ որեւէ պատժի հավանականությունը չէ: Միջազգային կարեւոր խաղացողները Հայաստանի հանդեպ պարզապես կարող են դառնալ անտարբեր: Միջազգային անտարբերությունը պակաս ռիսկ չէ, այն էլ պետության համար, որն ապրում է ոչ թե Եվրոպայի կենտրոնում, այլ Կովկասում՝ անվտանգային ահռելի ռիսկերով շրջապատված: Հարկ է արձանագրել, որ ռիսկերի այդ գնահատումը ամենեւին բացարձակ եւ միարժեք չէ: Որովհետեւ Հայաստանը նույն այդ կենտրոններին իր հետ հաշվի նստել կարող է տալ հակառակ՝ պայմանագրի չեղարկման պարագայում: Բայց այստեղ առանցքային է երկու հանգամանք. չեղարկման փաստարկների պողպատյա ամրությունը, որովհետեւ սպասվելու է չափազանց ծանր իրավա-քաղաքական դիմակայություն, եւ զուգահեռ՝ համահայկական ներուժային մոբիլիզացիան՝ դաձյալ ոչ միայն նյութական-ֆինանսական առումով: Կա՞ այստեղ մեծ շանս: Որովհետեւ այստեղ անհրաժեշտ է երկու հանգամանքի միաժամանակ ապահովումը: Թեեւ, հնարավոր է խոսք նաեւ երրորդի մասին: Հայաստանը մերժելով Արեւմուտքի մի խոշոր առաջարկը՝ որը թերեւս չի սահմանափակվում տնտեսական գործունեության բնույթով, թերեւս պետք է ներկայացնի այլընտրանքային առաջարկ: Ակնառու է, որ ինքնին թավշյա հեղափոխության փաստը բավարար չէ այդպիսին դիտարկվելու համար: Միջազգային ասպարեզում այն դիտարկում են էական միջոց՝ ավելի լուրջ առաջարկների համար, եթե ոչ արդեն եղածի իրագործման, ուրեմն նորերի, բայց նորի մասին արդեն պետք է մտածի Հայաստանը: Այլապես, Հայաստանի մասին կշարունակեն մտածել, բայց արդեն առանց Հայաստանի: Այդ ամենը չպետք է լինի վախի աղբյուր կամ պատճառ: Բայց պետք է ստիպի խորհել, որովհետեւ միջազգային քաղաքականության սուբյեկտությունը մի կողմից անհրաժեշտ դիտարկելով ինքնիշխանությունը, մյուս կողմից աներկբա անհրաժեշտություն է դիտարկում առաջնահերթությունների եւ դրանց ազդեցության համալիր գնահատումը, այդ հիմքով փոխադարձ հաղորդակցությունն ու շահերի փոխճանաչումն ու ներդաշնակեցումը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
24-08-2019 22:56