Արվեստասերները Սևանում դիտեցին Ջոնաթան Լիվինգսթոն ճայի մասին պատմող ֆիլմը

24-08-2019 23:43

Սևանի գրողների միության հանգստյան տանը՝ կապուտակ գեղեցկուհու և դրա երկայնքով սավառնող ճայերի հայացքի ներքո կայացավ յուրաքանչյուրիս մեջ ապրող ճային նվիրված ֆիլմի դիտում-քննարկումը: Երևանից Սևան ժամանած կինոգետների ու թատերագետների, դերասանների, արվեստաբանների ու լրագրողների խումբը դիտեց 1973-ին թողարկված ռեժիսոր Հալլ Բարթլեթի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ամերիկյան դրաման՝ ոգեշնչված Ռիչարդ Բախի համանուն նովելից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառման կազմակերպիչն ու վարողը կինոքննադատ, կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանն էր: Բացի այն, որ Սևանում ամենաշատը կարելի է հանդիպել ճայերի, ֆիլմի ցուցադրությունն այստեղ կազմակերպելով՝ կինոքննադատը նպատակ է հետապնդել նաև «մշակութային իրադարձությունների էպիկենտրոնը Երևանից տեղափոխել մարզեր»: «Մենք պետք է կիսվենք մեր պատմություններով ու ցույց տանք, թե ինչպիսին է եղել հաջողության ճանապարհը, կոնկրետ օրինակներով ցույց տանք մի կետից մյուսը հասնելու ընթացքը, ոմանց համար բարդ, ոմանց համար՝ անհավանական թվացող: Ես վստահ եմ, որ բոլորիս մեջ էլ ապրում է Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»,-ասաց Դիանա Մարտիրոսյանը: Կինոքննադատի խոսքով՝ ֆիլմը կինոթատրոնային տիրույթից դուրս, սոցիալիստական մոդեռնիստական ոճով որևէ կառույցում ցուցադրելու գաղափարն առաջացել էր «Ոսկե Ծիրան» 16-րդ կինոփառատոնի նախապատրաստական աշխատանքների ժամանակ: Այդ ընթացքում, սակայն, գաղափարը կյանքի կոչել չէր հաջողվել, որի իրագործումը դարձել էր երազանք ու նպատակ: «Վերջին տարիներին, կարծում եմ, սա առաջին ցուցադրությունն է, որ տեղի է ունենում այս շենքում: Բավականին հակասական ֆիլմ է, գրքի հեղինակ Ռիչարդ Բախը ֆիլմի նկարահանման ժամանակ վիճում է ռեժիսորի հետ ու այլևս չի մասնակցում նկարահանումներին: Շատ կինոքննադատներ քարկոծում են ֆիլմը․ այստեղ չկա անիմացիա, հիմնականում վավերագրություն է, այն ժամանակ չկային դրոններ, թվային տեսախցիկ, ժապավենով էին նկարահանում: Այս իմաստով ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիքը, մանավանդ, եթե կարդացել եք գիրքն ու կարող եք զուգահեռներ տանել»,-ասաց Դիանա Մարտիրոսյանը: Կինոքննադատի ուղերձներից մեկը գրքում ու նաև ֆիլմում առաջ քաշված գաղափարների վերաարժևորումը, երազանքներին հասնելու ճանապարհին խոչընդոտների հաղթահարումն ու նոր ներշնչանքներ գտնելն է: Ֆիլմի դիտումից հետո ներկաների կարծիքները տարբեր էին, բայց քննարկման մասնակիցներից շատերին էր համակել ցանկությունը վերընթերցելու գիրքը: Ոմանց սպասումներն այնքան էլ չէին արդարացել՝ ֆիլմում ճայերի թռիչքի, վայր ընկնելու տեսարաններից զատ՝ ակնկալելով նաև գրքում առկա գաղափարների վիզուալիզացումը մարդկային հարաբերությունների համատեքստում: Դիանա Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ֆիլմի մեխը վիզուալ հատվածն է՝ բավականին որակյալ օպերատորական աշխատանքով, հետաքրքիր է նաև լուսաձայնային մոնտաժն ու ֆիլմին գեղարվեստական մաս հաղորդած դերասանական երկխոսությունը: Ռեժիսոր, կինոարտադրող Արզուման Հարությունյանին էլ հետաքրքիր թվաց վաղնջական ժամանակներից եկած՝ հասարակություն-համայնք-անհատակություն մարդկային փոխհարաբերությունների ներկայացման այս ձևը: «Ֆիլմում արտացոլված էր այդ հարաբերություններն ընդունել-չընդունելը, հեռանալ անպայման վերադառնալու մոլուցքով, որովհետև դեռևս չգիտեմ մեկին, ով հեռացել է համայնքից ու անընդհատ չի ձգտել հետ գալու, ապացուցելու համայնքին, որ ինքը ճիշտ էր: Հեղինակն այս գաղափարը գեղեցիկ ձևավորել ու դրել է ճայերի մեջ»,-ասաց ռեժիսորն՝ ընդգծելով, որ ֆիլմում տեսավ ստեղծագործողի էգոիզմը, որից վեր որևէ այլ բան չկա: «Բռնեք ձեր էգոիզմն ու առաջ տարեք»,-եզրափակեց նա: «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ֆիլմը պատմում է երիտասարդ ճայի մասին, ով վտարվելով իր երամից, սովորում է կյանքն ու թռիչքը և ձգտում ինքնակատարելագործման: Ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան կինոսերների շրջանակում: Հայտնի դերասան Չառլի Չապլինը «Los Angeles Times»-ում ֆիլմը որակել է գեղեցիկ և օրիգինալ, որն արժանի է դիտման: Այն առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության` «Լավագույն կինոմատոգրաֆիա» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում: Ֆիլմի երաժշտության (soundtrack) ալբոմը, որը թողարկվել է հայտնի երաժիշտ Նեյլ Դայմոնդի կողմից, արժանացել է «Գրեմմի»-ի ադամանդին և «Ոսկե գլոբուս» մրցանակին: «Ամերիկյան կինոյի ինստիտուտի» կողմից այն ընդգրկվել է «Հարյուր ամենամոտիվացնող ֆիլմեր»-ի ցանկում:

Lragir.am,
24-08-2019 23:43