Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Գյումրիի օրվա առթիվ

25-08-2019 00:26

Սիրելի՛ գյումրեցիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ հյուրեր, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գյումրիի օրվա առթիվ: Այս տարի քաղաքի տոնը անցկացվում է «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրով: Եվ դա պատահական չէ, որովհետև Գյումրին տվել է և տալիս է խոսքի ու գործի բազում իսկական վարպետներ, որոնց ստեղծածը մնայուն արժեքներ են: Գյումրվա ավանդույթները, պատմությունը, լեզուն, կենցաղը գյումրեցու հետ միասին ձևավորում են քաղաքի կոլորիտը: Եվ ամեն ինչ պետք է անել, որ այն ոչ միայն չկորչի, այլ դառնա ավելի գունագեղ և գրավիչ: Իմ բոլոր այցելությունները Գյումրի ունեն հստակ նպատակ՝ ցույց տալ, որ Գյումրին ապրում է, ամեն ինչ անել, որ այնտեղ կյանքը դառնա առավել աշխույժ, լեցուն ու գրավիչ: Ցույց տալ Հայաստանի բազմազանությունը նաև Գյումրու օրինակով, որտեղ մեկ անգամ այցելելով՝ սիրտդ իսկապես կկպչի նրան: Գյումրին չպետք է մնա արվեստի ու աղետի արանքում: Գյումրին պիտի աղետը թողնի հիշողության մեջ ու արվեստով լցնի իր կյանքը՝ ապրելու, ստեղծելու, արարելու արվեստով: Սիրելի՛ գյումրեցիներ, Դուք մի շատ լավ խոսք ունեք՝ «Լացն ու խնդումը պոյեզի գծերի պես միշտ իրար կողքի կերթան»: Պիտի այնպես անենք, որ լացի «պոյեզը» երբեք խնդումի «պոյեզի» հետևից չհասնի: Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Գյումրի: Եվ ինչպես պոետն է ասում. «Արագածին բազմած արծիվ, Հավերժ կապրես, իմ քաղաք»:

Lragir.am,
25-08-2019 00:26