Նոր ու գեղեցիկ Շիրազի փողոցը նվեր է գյումրեցիներին. բացմանը ներկա էր վարչապետը

25-08-2019 16:04

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում «Քաղաքի օր»  տոնակատարության շրջանակում օգոստոսի 25-ին շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը: Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի թոռներին: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ` Աննա Հակոբյանի, դուստրերի հետ, ներկա էին բանաստեղծի որդին և դուստրը, բազմաթիվ հյուրեր, գյումրեցիներ: Փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: 700 մետր երկարություն ունեցող փողոցում իրականացվել են փողոցի երթևեկելի մասի և մայթերի հիմնանորոգման աշխատանքներ: Տեղադրվել է ասֆալտի ծածկույթի 2 շերտ՝ 6 սմ հաստության ներքին շերտ և 4 սմ հաստության վերին շերտ: Անձրևաջրատար կոյուղացանցի մի մասը նոր է կառուցվել, իսկ մի մասը վերականգնվել է: Հոսանքալարերը վերգետնյայից տեղափոխվել են ստորգետյա, հին հենասյուները փոխարինվել են նորերով: Փողոցի նորոգման աշխատանքերը մեկնարկել էին դեռ նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Կումայրի» արգելոցը տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագրով: Նախնական որոշմամբ փողոցը սալիկապատվելու էր այնպես, ինչպես «Ռուսթավելի» փողոցը, ավելի ուշ ֆինանսական միջոցների սղության պատճառով որոշվեց փողոցը ասֆալտապատել՝ կարմիր ասֆալտով, սակայն հետագայում այդ ճոխությունից ևս հրաժարվեցին:

Lragir.am,
25-08-2019 16:04