G7-ի առաջնորդները փորձում են պայմանավորվել Իրանի շուրջ օղակը մեղմելու մասին

25-08-2019 17:52

G7-ի առաջնորդները համաձայնություն են տվել, որ նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ վարի եւ ուղերձներ հղի Իրանին քննարկումների հիման վրա, որոնք նրանք անցկացրել են նախօրեին Բիարիցում: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Ելիսեյան պալատում աղբյուրին: Տեղեկատվության աղբյուրի խոսքով՝ առաջնահերթությունը մնում է անփոփոխ. Իրանը չպետք է ստանա միջուկային զենք եւ պետք է թուլացնի լարվածությունը Պարսից ծոցում: «Նախագահն իսկապես իրավունք է ստացել բանակցել եւ ուղերձներ հղել իրանյան իշխանություններին այդ քննարկումների հիման վրա, որոնք տեղի են ունեցել երեկ»,-ասել է ֆրանսիական աղբյուրն առանց մանրամասնելու: G7-ի առաջնորդները պայմանավորվել են Իրանի հարցում համատեղ գործողությունների իրականացնել՝ նպատակ ունենալով թուլացնել լարվածությունն ու վարել նոր բանակցություններ Թեհրանի հետ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է Reuters-ը: «Մենք պայմանավորվել ենք միասնական դիրքորոշում ունենալ Իրանի հարցում»,-ասել է Մակրոնը LCI հեռուստաընկերությանը: «Մեծ յոթյակը» սահմանել եւ համաձայնեցրել է ընդհանուր նպատակներ, եւ մենք կիսում ենք դրանք, քանի որ դա թույլ կտա խուսափել տարաձայնություններից, որոնք թուլացնում են բոլորին: Յուրաքանչյուրը ցանկանում է խուսափել կոնֆլիկտից. Դոնալդ Թրամփը շատ պարզ է արտահայտվել այդ հարցում»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սակայն բավականին սառն է արձագանքել եւ մերժել է Ֆրանսիայի ջանքերն Իրանի հետ միջնորդելու հարցում: Նա հայտարարել է, որ ուրախ է, որ նախագահ Էմանուել Մակրոնը օգնության ձեռք է մեկնել Թեհրանին լարվածությունը թուլացնելու համար, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է սեփական նախաձեռնությունները, հաղորդում է Reuters-ը:

Lragir.am,
25-08-2019 17:52