Վարչապետը տիկնոջ և դուստրերի հետ մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին

25-08-2019 21:08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Գյումրի և մասնակցել Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Այս տարի Գյումրու օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրի ներքո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցը Գյումրիով մեկնարկել է հիմնանորոգված Շիրազի փողոցից: «Անի» փողային նվագախմբի կատարմամբ հնչել է «Գյումրի-Լենինականը», ապա հանդիսավորությամբ բացվել է Շիրազի փողոցը: Փողոցի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրել է մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի թոռը: Կառավարության ղեկավարը շրջել է Գյումրու փողոցներով, ողջունել դրսում հավաքված գյումրեցիներին, շնորհավորել նրանց քաղաքի օրվա առթիվ և բարեմաղթանքներ հղել: Շիրազի փողոցում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գյումրու գեղագիտական կենտրոնի սաների ցուցահանդեսի, ինչպես նաև Արհեստների ու արվեստների փառատոնի շրջանակում ներկայացված աշխատանքներին: Ընդհանուր առմամբ փառատոնին ներկայացված էր 21 տաղավար: Հաջորդ կանգառը Ռուսթավելի փողոցն էր. այստեղ վարչապետն ընտանիքի հետ այցելել է Սուրբ Նշան եկեղեցի, ունկնդրել երգեհոնի կատարումը, ապա դիտել եկեղեցու մոտ «Անի» պարային համույթի շուրջպարը: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը միացել են շուրջպարին և պարել հայկական ավանդական երաժշտության հնչյունների ներքո: Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել «Խոսում են Գյումրվա մեծերը» խորագրով տոնական միջոցառումներին, որոնք անցկացվել են Ռուսթավելի և Վարպետաց փողոցներում: Նիկոլ Փաշինյանը դիտել է բացօթյա թատերական մինի ներկայացումները՝ Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում՝ «Դիմավորում է Ֆրունզը», Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում՝ «Հյուր Վարպետին» և Հովհաննես Շիրազի թանգարանում՝ «Հրավիրում է Հովհաննես Շիրազը» խորագրերի ներքո: Այնուհետև վարչապետն ընտանիքի հետ այցելել է Ձիթողցոնց տուն-թանգարան՝ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընդգրկող ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, տարածված արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը ներկայացնող ցուցանմուշներին: Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին և կոչվում է նաև Ձիթողցոնց տուն-թանգարան, քանի որ եղել է Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից գաղթած Ձիթողցյան  եղբայրների առանձնատունը: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը եղել են նաև քանդակագործ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում: Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են թանգարանում ներկայացված հավաքածուին: Այն համալրված է հայտնի մարդկանց՝ Հովհաննես Թումանյանի, Խրիմյան Հայրիկի, Լև Տոլստոյի, Վլադիմիր Լենինի, նաև խորհրդային գործիչների դիմաքանդակներով և հետմահու դիմակներով: Ընդհանուր առմամբ ցուցադրված են հետմահու 30 դիմակներ, 13 քանդակներ: Երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվելու «Գյումրու օր-2019» տոնական համերգին:

Lragir.am,
25-08-2019 21:08