Պարտադիր չէր մի օտարերկյա կազմակերպության մեր հաշվին խոշոր գումար տալ՝ ՇՄԱԳ-ը վերընթերցելու և կարմիր գրիչով նշումներ անելու համար

Մեր զրուցակիցն է ինժեներ Վահագն Մինասյանը Պարոն Մինասյան, եթե կառավարությունը թույլ չտա հանքի շահագործումը և բանը հասնի միջազգային արբիտրաժ, արդյոք գնահատե՞լ եք այն հնարավոր վնասները, որ կրելու է երկիրը, ինչ միջոցներից պետք է վճարել այդ գումարները: Կարծում եմ՝ հարցադրումը պետք է այլ կերպ արվի, գնահատվե՞լ են արդյոք հանքի շահագործման իրական հետևանքները, առաջացած վնասները, վնասների վերականգնման, եթե վերականգնվող է առհասարակ, երաշխիքները, անդարձելի գործընթացների հավանականությունը և մի շարք նմանօրինակ կարևորագույն հարցեր: Միանշանակ կարող ենք պնդել, որ ոչ ամբողջ ծավալով, ինչն անթույլատրելի է դարձնում հանքի շահագործումը: Վստահ եմ, որ ՀՀ-ում կան այնպիսի մասնագետներ, որոնք անգամ արբիտրաժային դատարան հասնելու հավանականության պարագայում ունակ են վեճը հօգուտ ՀՀ-ի լուծել: Կառավարության և ԱԺ որոշ անդամների ձեռքին այդ արբիտրաժային լուծման դեռ չապացուցված հավանականությունը «մահակի» է վերածվել հանրության գլխին, սակայն բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ անկախ ցանկացած ելքից՝ Ամուլսարը չի շահագործվելու: Գումարների տեղը բոլորս գիտենք, և մեկ անգամ չէ, որ վարչապետն ամենատարբեր հարթակներից հնչեցրել է «վերադարձնելու, հետ ենք բերելու մինչև վերջին լուման» արտահայտությունը, և ահա նաև այս համատեքստում է, որ արբիտրաժային լուծման գրեթե անհավանական թեզը վեր է ածվում փուչիկի: Առաջարկվում էր նաև հանրաքվեի տարբերակը, ինչը կարծեք թե այս պահին իրատեսական չի համարում կառավարությունը: Ինչպիսի՞ լուծում եք տեսնում խնդրին: Բազմաթիվ անգամներ խոսվել է Լիդիանի կողմից թույլ տրված օրենքի խախտումներից, հանքի շահագործման դեպքում անդառնալի վնասակար հետևանքների հեռանկարից, տեղացիների Սահմանադրական իրավունքների մասին: Ջերմուկցիներն արդեն որոշում կայացրել են, և ոչ մի կառավարություն իրավունք չունի հաշվի չնստել այդ որոշման հետ: Լուծումը միակն է` այդ տարածքում հանք չպետք է շահագործվի, չկա երկրորդ տարբերակ: Արթուր Գրիգորյանը հայտարարել է, որ դա կոռուպցիայի դրսևորում է: Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը: Ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը, բայց երևույթի հետ կապված ասեմ, որ որպես քաղաքացի, չեմ կարող հաստատել կամ հերքել կոռուպցիայի դրսևորում այս գործում, միակ բանը, որ կարող եմ ասել, անվերապահորեն վստահ եմ անձամբ Նիկոլ Փաշինյանի ազնվության վրա, սակայն կառավարության որոշ անդամների մասով նույնը չեմ կարող ասել: Կառավարության աշխատակազմը Էլարդի եզրակացությունն ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ՝ պարզել արդյոք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում: Այս քայլերը որքանո՞վ կմեղմեն առկա լարվածությունը: Ես`որպես նախկին բռնցքամարտիկ, այս երևույթը կհամեմատեի առաջին ռաունդում ակնհայտ պարտություն կրած մարզիկին ընդմիջմանը, երկրորդ ռաունդից առաջ, վերականգնման գործընթացի հետ: Այսինքն` կառավարությունը ժամանակ շահելու և խնդրին ավելի խորքային, բովանդակային և ըստ էության գնահատական տալու հնարավորություն է ստեղծում այս քայլով, և դա դրական վեկտոր է, չնայած այն բանին, որ վաղուց պետք է խնդիրը լուծված լիներ, և պարտադիր չէր մի օտարերկյա կազմակերպության մեր հաշվին խոշոր գումար տալ՝ ՇՄԱԳ-ը վերընթերցելու և կարմիր գրիչով նշումներ անելու համար: Տեսակետ կա, որ Փաշինյանն իր այս որոշումով կարմիր գիծ գծեց և անցավ ռուբիկոնը: Որո՞նք են լինելու բնապահպանների հետագա քայլերը: Անկեղծ ասած ես չգիտեմ՝ ովքեր և ինչ նպատակով են նման տեսակետ հայտնել այն պարագայում, երբ Փաշինյանը դեռ որոշում չի կայացրել, և այս հարցում միայն Փաշինյանի որոշումը բավարար չէ հանք շահագործելու համար Ամուլսարում: Հետևաբար ռուբիկոնն անցնելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Չնայած նման տեսակետ ունեցողներին կարելի է նշմարել նախկին հանցագործ ռեժիմների մնացուկների շարքերում: Ոչ միայն բնապահպանների, այլ նաև իմ՝ որպես ՀՀ քաղաքացի, ցանկացած գնով թույլ չտալ հանքի շահագործում, և դա մեզ հաջողելու է միանշանակ, քանի որ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ կոչվող յուրաքանչյուր տարածքում որոշողը ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ է, զորության կրողը քաղաքացին է և հենց քաղաքացին է, որ Սահմանադրությամբ իրեն տրված բոլոր լիազորություններով պետք է որոշի, թե ինչպիսի միջավայրում է ուզում ապրել: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում. «Համայնքը զորավոր է: Համայնքը չի ընդունել»:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
25-08-2019 21:42