Այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների կենտրոնը». Նիկոլ Փաշինյան

25-08-2019 22:59

Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ներկա է գտնվել «Գյումրու օր-2019» տոնական համերգին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ գյումրեցիներ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Շնորհավո՛ր ձեր տոնը, Շնորհավո՛ր Գյումրիի օրը, Շնորհավո՛ր Հայաստանի օրը, Շնորհավո՛ր հայ ժողովրդի օրը: Այս հրապարակն ամեն ինչի մասին ասում է:  Ես երբեք Գյումրիի հրապարակը՝ Վարդանանց հրապարակը, այսքան մարդաշատ չեմ տեսել, նույնիսկ հեղափոխության օրերին, և սա նշանակում է, որ Գյումրին հաղթել է, գյումրեցին հաղթել է, կյանքը հաղթել է, աշխատանքը հաղթել է, Հայաստանը հաղթել է, հայ ժողովուրդը հաղթել է: Սիրելի՛ գյումրեցիներ, ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ սա տոն է Հայաստանի բոլոր քաղաքների, բոլոր բնակավայրերի համար և ուզում եմ բոլորիս պարզ լինի, թե ինչու է Գյումրին այսքան կարևոր մեզ համար: Այն ժամանակներում, երբ երկար տարիների ասպատակություններից, ավերներից հետո Հայաստանը կիսավեր, խրճիթային, գեղջկական մի երկիր էր, Գյումրին եղել է Հայաստանի քաղաքային կյանքի ամենակարևոր կենտրոնը, Գյումրին բոլորիս համար պահել-պահպանել-զարգացրել է քաղաքային կյանքի ավանդույթը: Եվ այսօր այս է պատճառը, որ մենք Գյումրին այսքան կարևորում ենք, որովհետև Գյումրին մեր ժողովրդի համար ավելի դժնդակ տարիներին պահել է քաղաքակիրթ ժողովրդի մեր կերպարը, քաղաքակիրթ ժողովրդի մեր ապրելակերպը և դիմագիծը: Այս է պատճառը, որ մենք սիրում ու պաշտում ենք Գյումրին, որ մենք հպարտանում ենք Գյումրիով, հպարտանում ենք գյումրեցիներով: Եվ ուզում եմ ամենակարևոր արձանագրումն անել. մենք պետք է փոխենք Գյումրիի ընկալումը:  Բավական է մենք Գյումրի ասելով հասկանանք աղետի գոտի, որովհետև Գյումրին աղետի գոտի չէ: Գյումրին աշխատանքի, մշակույթի, հաղթանակի, հիմա նաև արդեն հեղափոխության, ժողովրդի հաղթանակի, քաղաքակրթության ու ժողովրդավարության կենտրոն է: Սա չի նշանակում, թե 1988 թվականի աղետի հետևանքները վերացված են: Ամենևին: Բայց երբ մենք ասում ենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դա չի նշանակում, որ մեր հպարտությունն այս ընթացքում հարվածներ չի ստացել: Դա ամենևին դա չի նշանակում: Երբ ասում ենք, որ հայ ժողովուրդը հաղթական ժողովուրդ է, դա ամենևին չի նշանակում, թե մենք պարտություններ չենք կրել: Ընդհակառակը, դա նշանակում է, որ մենք, պարտությունների միջով անցնելով, կարողացել ենք նոր ուժ տալ հաղթանակի մեր կամքին: Եվ Գյումրին, աղետի միջով անցնելով, աղքատության, դժնդակ օրերի միջով անցնելով, դժվարությունների միջով այսօր էլ անցնում է, բայց ի ցույց է դնում իր հաստատակամությունը՝ ապրելու, կերտելու, աշխատելու, արարելու, ծաղկելու և դառնալու մշակութային, քաղաքական, տնտեսական կյանքի իսկական կենտրոն: Եվ ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա. այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների կենտրոնը, այսինքն՝ սեպտեմբերի 21-ի գլխավոր տոնակատարությունները տեղի են ունենալու Գյումրի քաղաքում: Այսպիսով, մենք նոր ավանդույթի սկիզբ ենք դնում. այսպես ամեն տարի մենք սեպտեմբերի 21-ը՝ Անկախության օրը, մարզից մարզ ենք տեղափոխելու, և դա սկսում ենք Գյումրիից: Եվ էլի ուզում եմ հիմա մեծ հաճույքով այսօրվանից՝ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 21-ը հայտարարել Գյումրիի միամսյակ: Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներից և գյուղերից, Սփյուռքի բոլոր համայնքներից, ովքեր չեն եղել Գյումրիում, ովքեր չեն տեսել Գյումրին, կոչ եմ անում ձեզ՝ անպայման այցելել Գյումրի, որովհետև ոչ մի հայ ինքն իրեն մինչև վերջ չի ճանաչի, քանի դեռ ինքը չի եղել Գյումրիում: Մենք մեր ազգը, ինքներս մեզ ճանաչելու համար պետք է տեսնենք Գյումրին, իմանանք նրա ամեն բակը, ամեն տունը, ամեն պատը, ամեն շենքը: Եվ ուրեմն, շնորհավո՛ր, Գյումրի, քո տոնը: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Գյումրին, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք ազատ և երջանիկ Գյումրիում, ազատ և երջանիկ Հայաստանում: Դուխո՛վ, ժողովուրդ ջան, դուխո՛վ»:

Lragir.am,
25-08-2019 22:59