ArmeniaTools4Schools ամերիկյան կազմակերպությունը Բերդի պետական բազմագործառութային քոլեջին է նվիրաբերել 25,000 ԱՄՆ դոլարի գործիքներ

26-08-2019 08:27

ArmeniaTools4Schools կազմակերպության ֆինանսավորմամբ Տավուշի մարզի Բերդի պետական բազմագործառութային քոլեջը համալրվել է 25,000 ԱՄՆ դոլար արժողությամբ վերջին սերնդի տասնյակ գործքիներով՝ հնարավորություն տալով հարյուրավոր ուսանողների սովորել իրենց մասնագիտությունը ժամանակի պահանջներին համապատասխան: Այս աջակցության շնորհիվ քոլեջում կգործարկվի զոդման բաժինը, նոր տեխնոլոգիաներ կստանան փականակագործները, իսկ կարուձևի բաժնի ուսանողները կկրկնապատկեն իրենց գործիքների բազան: «Այս գործիքներից մենք չունեինք, և մեր քոլեջի համար շատ կարևոր էր ստանալ դրանք: Այժմ մենք հնարավորություն ունենք ուսանողներին տալ կրթություն և հմտություններ, որոնք կլինեն ժամանակակից և պահանջված: Մենք ունենք լավ ուսուցիչներ, բայց գործիքներ չունենալու պատճառով չէինք կարողանում ժամանակակից կրթություն տրամադրել: Այժմ այդ խնդիրը լուծված է»,  ասում է Աննա Ավալյանը: Բերդի պետական բազմագործառութային քոլեջը ձևավորվել է Բերդի արհեստագորածական ուսումնարանի և Բերդի պետական քոլեջի միավորման արդյունքում: Քոլեջի ուսանողներն աշխատում են մարզի գյուղերում: Միավորման արդյունքում քոլեջում այժմ սովորում է 210 աշակերտ: Եթե նախկինում նկատվում էր ուսանողների թվի նվազում, ապա Աննա Ավալյանն այժմ հույս ունի, որ այս գործիքների շնորհիվ ուսանողներն ավելի հետաքրքրված կլինեն սովորել Բերդի պետական բազմագործառութային քոլեջում: ArmeniaTools4Schools-ը շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է աջակցել Հայաստանի արհեստագործական քոլեջներին և ուսումնարաններին: Կազմակերպությունը տեղակայված է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռալի քաղաքում: «Հպարտ ենք օգնել Բերդի զարգացմանը: Մեզ համար անչափ կարևոր է, որպեսզի ուսանողները լավ կրթություն ստանան և ունենան անհրաժեշտ գործիքներ սկսելու իրենց մասնագիտական գործունեությունը: Առաջիկայում պատրաստվում ենք ընդլայնել մեր գործունեությունը և աշխատել այլ մարզերում և Արցախում», ասում է կազմակերպության նախագահ Ջորջ Բուրնազյանը: Գործքիները նվազված գնով տրամադրել է ամերիկյան հանրահայտ Knight Electronics ընկերությունը: «Ես ճանաչում եմ Ջորջ Բուրնազյանին 15 տարի և երբ նա պատմեց իր պլանների մասին՝ օգնելու Հայաստանի արհեստագործական ուսումնարաններին, մենք ուրախությամբ միացանք այս նախաձեռնությանը», ասում է Knight Electronics ընկերության տնօրեն Ջոն Նայթը:

Lragir.am,
26-08-2019 08:27