ՍԴ որոշումը կարող է պայթեցնել մարտի 1-ի գործը

Մեր զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը Վենետիկի հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է Քոչարյանի գործի հետ կապված հայտնել իր խորհրդատվական կարծիքը: Ինչպե՞ս եք սա գնահատում և ինչ է սպասվում ՍԴ-ում, որը օգոստոսի 29-ին պետք է քննարկի Քոչարյանի գործը: Այդ հարցի վերաբերյալ ենթադրություն կամ կանխատեսում անելն այնքան էլ հարմար չէ, այդուհանդերձ, խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ վերջին օրերին ՍԴ-ն մեկ հայտարարություն ևս տարածեց՝ արձանագրելով, որ Վենետիկի հանձնաժողովը ընդունել է Սահմանադրական դատարանի դիմումը և, ըստ էության, համաձայնություն է տվել այդ հարցի վերաբերյալ խորհրդատվական կարծիք տալ: Հետևաբար, այս դեպքի առանձնահատկությունից, բնույթից ելնելով չեմ բացառում, որ ՍԴ-ն իր վերջնական որոշումը կկայացնի այդ մարմինների խորհրդատվական կարծիքները ստանալուց հետո: Ես չեմ բացառում, որ օգոստոսի 29-ի նիստը կարող է ինչ-ինչ հանգամանքներից ելնելով հետաձգվի կամ այլ ընթացք ունենա՝ չբացառելով զարգացման որևէ սցենար: Այդուհանդերձ, ես գտնում եմ, որ անկախ Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի պատասխաններից, անկախ օգոստոսի 29-ի պատասխանից, ՍԴ-ն հայտնվել է մի ուրույն իրավիճակում, երբ նրա կողմից կայացված ցանկացած որոշում էական է լինելու Քոչարյանի գործի հետագա ընթացքի վրա: Այն հարցերը, որոնք դրվել են Սահմանադրական դատարանի առջև, իսկապես բեկումնային են, ըստ էության, որոշելու են Քոչարյանի ճակատագիրը: Եթե ՍԴ-ն արձանագրի կամ համապատասխան որոշում տա, որ հաղթահարված է առաջադրված մեղադրանքում Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական իմունիտետը, ավելին՝ Քրեական օրենսգրքի գործող նորմերը համապատասխանում են Սահմանադրությանը, դրանից կարելի է հանգել հետևության, որ Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավելու հարցը կմնա զուտ նախաքննության քննության ընթացքում, թե որքանով է հիմնավոր առաջադրված մեղադրանքը: Բայց դա արդեն դուրս է Սահմանադրական դատարանի լիազորություններից և խնդրի ծավալից: Իսկ եթե այնուհանդերձ, Սահմանադրական դատարանը կհանգի եզրակացության, որ ՀՀ որևէ նախագահի սահմանադրական անձեռնմխելիությունը, տվյալ դեպքում Քոչարյանի սահմանադրական  անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, կամ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը, ապա կարելի է արձանագրել, որ ուղղակի պայթյուն տեղի կունենա այդ գործի շրջանակներում, և գործն ըստ էության կտապալվի: Ուստի սպասենք ՍԴ-ի որոշումներին, որից հետո հնարավոր կլինի արձանագրել այն, ինչ կլինի: Այս համատեքստում է իմ դիտարկումը, որ ՍԴ-ն իր կամքից անկախ պայմաններում և պատճառներով հայտնվել է բացառիկ կարևոր իրավիճակում, որի կայացրած որոշումից կախված է «Մարտի 1»-ի քրեական գործով Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրն ընդհանրապես: Ընդհանրապես, ՍԴ-ի շուրջ ստեղծված աղմուկից հետո առաջացած իրավիճակը, Քոչարյանի գործի քննությունը որքանո՞վ են հետաձգում դատական բարեփոխումների գործընթացը: Ես այդ մասին բազմիցս արտահայտվել եմ և իմ գնահատականները եղել են կոշտ այն առումով, որ ընդհանրապես ՍԴ-ի շուրջ այս խնդիրը բարձրացնողները պարտավոր էին զուգահեռ տալ նաև հարցի լուծումները, որպեսզի հարցը չմնար հանրային օրակարգում: Այսինքն, եթե այդպիսի կասկած էր ներմուծվում, բարի պետք է լինեին լուծումներն էլ առաջարկել, մեխանիզմն էլ առաջարկել, որ մենք դուրս գանք այս իրավիճակից: Հիմա մի լուծում է առաջարկվել՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն անել՝ ՍԴ անդամների՝ մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը հրաժարվելու դեպքում պահպանել նրանց աշխատավարձն ու կենսաթոշակը, ինչը իմ կարծիքով լուծումներից ամենավատն է: Եթե ՍԴ անդամները չհամաձայնեն, հաջորդն ի՞նչ առաջարկ է արվելու: Այսինքն գործադիր իշխանությունը հանգել է հետևության, որ այնուամենայնիվ, խնդրի լուծումը գտնվում է հենց ՍԴ անդամների հայեցողության դաշտում: Այսինքն միայն նրանց կամարտահայտության հիման վրա է հնարավոր հարցը լուծել: Եթե ՍԴ անդամները համաձայն լինեն, հրաժարական կտան ու կգնան, հակառակ դեպքում խնդիրը մնում է չլուծված: Այս պայմաններում ես կարծում եմ, որ հարցը լուծված չէ, ավելին՝ հարցի լուծման վերաբերյալ չկան օպտիմալ լուծումները, որոնք կարող են հանգուցալուծել խնդիրը: Այսինքն, դուք դատական ոլորտում փոփոխությունների փաթեթը համարում եք որպես նաև իշխանության կողմից ՍԴ շուրջ առաջացած խնդիրը լուծելու փո՞րձ: Այո, բայց եկեք արձանագրենք, որ այդ փոփոխությունների փաթեթը չի լուծում առկա խնդիրները: Ավելին, բազմաթիվ նոր հարցեր է առաջադրում, նաև այդ դատավորների տարիքային շեմի իջեցումը և այլն: Ընդհանրապես, դատաիրավական համակարգի այս փոփոխությունները դեռևս չեն նշմարում այն բոլոր լուծումները, որոնք հնարավորություն կտային արձանագրելու, որ մենք արմատական փոփոխությունների ենք գնում դատաիրավական համակարգում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
26-08-2019 10:30