Ցուցադրվել են Տոկիո-2020 Պարալիմպիկ խաղերի մեդալները

26-08-2019 11:44

Տոկիո-2020 Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունից ուղիղ մեկ տարի առաջ ցուցադրվել են խաղերի մեդալները, որոնք օլիմպիական մեդալների նման ձուլվել են բջջային հեռախոսների և այլ էլեկտրական սարքերի վերամշակված մետաղից: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Յուրաքանչյուր մեդալ ունի մեկից երեք փորագրություն՝ դրա գույնը հպումով որոշելու համար: Ոսկե մեդալն ունի մեկ փորագրություն, արծաթե մեդալը` 2, իսկ բրոնզե մեդալը` 3 փորագրություն: Մեդալի երկու կողմում բրայլյան տառերով գրված է «Տոկիո-2020»: Ռիո-2016-ի մեդալները պարունակում էին տարբեր քանակությամբ պողպատե գնդիկներ` կախված մեդալի գույնից, այնպես որ դրանք ցնցելիս տարբեր ձայներ էին գալիս և տեսողական խնդիրներ ունեցող մարզիկները մեդալը ցնցելով կարողանում էին որոշել դրա գույնը: Պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները ցուցադրել են նաև Պարալիմպիկ ջահի մրցավազքի մարզաշապիկները, որոնց վրա, ինչպես և մեդալների վրա, պատկերված է ավանդական ճապոնական հովհար: Հովհարի բոլոր փետուրները միացված են մեկ հանգույցով, որն ասես տարբեր ազգությունների մարզիկներին միմյանց հետ կապող օղակ լինի: Իր հերթին փետուրների հյուսվածքը խորհրդանշում է մարդկանց սրտերի կենսունակությունը և Ճապոնիայի բնության բազմազանությունը:

Lragir.am,
26-08-2019 11:44