Ռուսական ընկերությունը՝ Հայաստանի սև ցուցակում, փամփուշտի գործարանը կարող է չկառուցվել

26-08-2019 11:43

Հայաստանում քրեական գործ է հարուցվել «ծառայությանն անփույթ վերաբերմունքի» հոդվածով զենքի մատակարարման տենդերի չկայանալու պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ նշելով, որ տենդերին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը: Այս տարվա մայիսին Հայաստանի Պաշտպանության նախարարությունն առաջին անգամ ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթ էր հայտարարել, և պահանջները բավարարել էր միայն ռուսական ORSIS ընկերությունը: ՌԻԱ Նովոստին նշում է, որ տենդերը փակվել է առանց պատճառների բացատրության: ORSIS-ը դիմել է բողոքարկման հանձնաժողով և Հայաստանում իր շահերը ներկայացնող իրավաբանին: Պրոմոտեխնոլոգիաներ ընկերության մաս կազմող ORSIS-ը մի քանի տարի շարունակ Հայաստանին զենք, փամփուշտներ և օպտիկական սարքեր է մատակարարել: Այժմ ORSIS-ը սև ցուցակում է: Ռուսական ընկերության ներկայացուցիչը նշել է, որ հայկական կողմի պնդումը, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվել, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի ՊՆ-ից ընկերությանը տեղեկացրել են, որ մի շարք ապրանքների գծով ընդունման-հանձնման փաստաթղթերը չեն ներկայացվել: Հայկական կողմը նաև մի քանի հարյուր հազար դոլարի բանկային երաշխիքներ է պահանջել: ORSIS-ի ներկայացուցչի կարծիքով, ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանում փամփուշտի գործարանի կառուցման նախագիծը կարող է չիրագործվել: Նախատեսվում էր, որ գործարանը կառուցվելու է մի քանի միլիոն դոլարի հասնող ռուսական ներդրումներով:

Lragir.am,
26-08-2019 11:43