Ինչու է Քննչական կոմիտեն տարածում «Լիդիան» ընկերության տեսահոլովակը

26-08-2019 00:52

Ամուլսարի հարցով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ինչու է Քննչական կոմիտեն «Լիդիան» ընկերության տեսահոլովակը տարածում, արդյոք շահերի բախում չկա այստեղ, կարծես քննչական մարմինը «Լիդիանի» գովազդն է անում: Ի պատասխան քննիչն ասաց, որ իրենց արարքի նպատակը հանրությանն իրազեկելն է: Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեն 3D հոլովակ էր տարածել՝ «Լիդիան» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ: «Քննչական կոմիտեն փորձաքննության եզրակացությունը հրապարակելուն զուգահեռ նաև նշում էր մեղղման միջոցառումների մասին: Ըստ էության ի՞նչ են այդ մեղմման միջոցները, հանրությունը պետք է իմանար, թե ինչի մասին է խոսքը: Որպեսզի կազմվեր այդ ամյբողջ 3D մոդելավորումը, դրա համար պահանջվում էր երկարատև ժամանակ, մեկ ամսից ավելի: Եթե դուք ուշադիր նայեք տեսանյութը, ապա Քննչական կոմիտեն որևէ գնահատական չի տալիս մեղմման միջոցներին, դա լավ է, թե վատ է: Քննչական կոմիտեն՝ վարույթ իրականացնող մարմինն իրավասու է հանձնարարել տարբեր կողմերին՝ ցուցաբերելու որևէ հարցի պարզաբանման համար աջակցություն: Հրավիրվել են ոչ միայն «Լիդիանի» մասնագետները, այլ նաև տվյալ ոլորտի մասնագետներ, և ժամանականային առումով այդ տեսագրություններն օգտագործվել են ընդհանուր վիդեոյի կազմման մեջ: Խնդիրը կայանում էր մեղմման միջոցի բովանդակությունը հասարակությանը հասանելի դարձնելուն»,- ի պատասխան ասաց քննիչ Իվանյանը:

Lragir.am,
26-08-2019 00:52